Անցնել բովանդակությանը

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

Մինչդատական վարույթի պալատի դերը եզակի քննչական հնարավորության կապակցությամբ

1. ա) Եթե Դատախազը համարում է, որ քննության անցկացումը եզակի հնարավորություն է ընձեռում վկաներից այնպիսի ցուցմունքներ և հաղորդումներ ստանալու կամ այնպիսի ապացույցներ ուսումնասիրելու, հավաքելու և ստուգելու համար, որոնք հետագայում կարող են հասանելի չլինել դատաքննության նպատակներով օգտագործվելու առումով, ապա Դատախազն այդ մասին տեղեկացնում է Մինչդատական վարույթի պալատին:

բ) Այդ դեպքում Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազի դիմումի հիման վրա ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ համարվել դատավարության արդյունավետությունն ու հետևողականությունը և, մասնավորապես, պաշտպանության կողմի իրավունքներն ապահովելու համար:

գ) Եթե Մինչդատական վարույթի պալատն այլ որոշում չի կայացնում, ապա Դատախազը համապատասխան տեղեկությունները տրամադրում է այն անձին, որը «ա» կետում նշված քննության կապակցությամբ կալանավորվել է կամ ծանուցվել է Դատարան ներկայանալու համար, որպեսզի տվյալ անձը ներկայացնի իր դիրքորոշումը տվյալ հարցի կապակցությամբ:

2. Մաս 1-ի «բ» կետում նշված միջոցները կարող են ներառել՝

ա) հանձնարարականներ կամ կարգադրություններ անելը ընթացակարգերի վերաբերյալ, որոնցով պետք է ղեկավարվել,

բ) գործի վարույթի արձանագրություններ կազմելու մասին ցուցում տալը,

գ) օգնություն ցույց տալու համար փորձագետ նշանակելը,

դ) թույլատրելը, որ կալանավորված կամ Դատարան ներկայացած անձի պաշտպանը մասնակցի դատաքննությանը, կամ եթե կալանավորում դեռևս տեղի չի ունեցել, կամ կանչված անձը չի ներկայացել, կամ պաշտպան դեռևս չի նշանակվել, ապա դատավարությանը մասնակցելու և պաշտպանության շահերը ներկայացնելու համար այլ պաշտպան նշանակելը,

ե) իր անդամներից մեկին կամ անհրաժեշտության դեպքում Մինչդատական վարույթի կամ Դատական բաժանմունքների մեկ այլ դատավորի հանձնարարելը՝ հսկողություն իրականացնել ապացույցների հավաքման և պահպանման, անձի հարցաքննության նկատմամբ, և այդ առնչությամբ տալու հանձնարարականներ ու կարգադրություններ,

զ) այնպիսի այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապացույցներ հավաքելու և պահպանելու համար:

3. ա) Եթե Դատախազը սույն հոդվածին համապատասխան միջոցների ձեռնարկում չի պահանջում, իսկ Մինչդատական վարույթի պալատը գտնում է, որ իր կարծիքով դատաքննության ընթացքում պաշտպանության շահերի ապահովման համար էական նշանակություն ունեցող ապացույցների պահպանության նպատակով նման միջոցներն անհրաժեշտ են, ապա խորհրդակցում է Դատախազի հետ՝ պարզելու համար, թե նա նման միջոցներ ձեռնարկելու նպատակով չդիմելու համար ունի արդյոք ծանրակշիռ հիմքեր: Եթե խորհրդակցության արդյունքում Մինչդատական վարույթի պալատը եզրակացնում է, որ Դատախազի կողմից նման միջոցներ ձեռնարկելու համար չդիմելն արդարացված չէ, ապա Մինչդատական վարույթի պալատը կարող է նման միջոցներ իրականացնել իր նախաձեռնությամբ:

բ) Մինչդատական վարույթի պալատի՝ սույն կետի համաձայն իր նախաձեռնությամբ գործելու որոշումը կարող է բողոքարկվել Դատախազի կողմից: Բողոքը քննության է առնվում արագացված կարգով:

4. Դատաքննության համար սույն հոդվածին համապատասխան պահպանված կամ հավաքված ապացույցների կամ դրանք պարունակող արձանագրությունների թույլատրելիությունը որոշվում է դատաքննության ընթացքում՝ 69-րդ հոդվածի հիման վրա, և դրանք ունենում են ապացուցողական այնպիսի արժեք, ինչպիսին կարող է որոշել Դատական պալատը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։