Հոդված 87
Հոդված 87
Համագործակցության վերաբերյալ դիմումները. ընդհանուր դրույթներ
1. ա) Դատարանն իրավասու է համագործակցության համար դիմելու մասնակից պետություններին: Դիմումը ներկայացվում է դիվանագիտական կամ այլ հնարավոր ուղիներով, որոնք կարող են սահմանվել յուրաքանչյուր մասնակից պետության կողմից՝ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ:
Սահմանված ուղիների հետագա փոփոխությունները յուրաքանչյուր մասնակից պետության կողմից կատարվում են Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
բ) Անհրաժեշտության դեպքում, չվնասելով «ա» կետով սահմանված դրույթները, դիմումները կարող են ներկայացվել նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության կամ տարածաշրջանային ցանկացած այլ համապատասխան կազմակերպության միջոցով:
2. Համագործակցության վերաբերյալ դիմումը և այն հիմնավորող ցանկացած փաստաթուղթ ներկայացվում են կա՛մ հարցվող պետության պաշտոնական լեզվով կամ Դատարանի աշխատանքային լեզուներից մեկով, կա՛մ ուղեկցվում են այդ լեզուներից որևէ մեկով կատարված թարգմանությամբ՝ տվյալ պետության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ժամանակ հայտարարված ընտրությանը համապատասխան:
Այդ ընտրության հետագա փոփոխությունները կատարվում են Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
3. Հարցվող պետությունը պահպանում է դիմումի և այն հիմնավորող փաստաթղթերի գաղտնիությունը, բացառությամբ այն ծավալով, որքանով դրանց բացահայտումն անհրաժեշտ է այդ դիմումի կատարման համար:
4. Աջակցության վերաբերյալ սույն Մասի համաձայն ներկայացված ցանկացած դիմումի կապակցությամբ Դատարանը կարող է ձեռնարկել այնպիսի միջոցներ, ներառյալ՝ տեղեկատվության պաշտպանության հետ կապված միջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել տուժողների, հնարավոր վկաների և նրանց ընտանիքների անվտանգությունը, ֆիզիկական կամ հոգեկան բարեկեցությունն ապահովելու համար: Դատարանը կարող է պահանջել, որ սույն մասի համաձայն հասանելի դարձվող ցանկացած տեղեկություն տրամադրվի և օգտագործվի այնպես, որ ապահովվեն տուժողների, հնարավոր վկաների և նրանց ընտանիքների անվտանգությունը, ֆիզիկական կամ հոգեկան բարեկեցությունը:
5. ա) Դատարանը կարող է սույն Մասով նախատեսված աջակցություն տրամադրելու համար դիմել սույն Կանոնադրության մասնակից չհանդիսացող ցանկացած պետության՝ վերջինիս հետ ad hoc (ժամանակավոր) պայմանավորվածության կամ համաձայնագրի հիման վրա, կամ այլ համապատասխան հիմքով:
բ) Այն դեպքում, երբ սույն Կանոնադրության մասնակից չհանդիսացող պետությունը, որը ձեռք է բերել ad hoc պայմանավորվածություն կամ համաձայնագիր Դատարանի հետ, չի համագործակցում այդ դիմումի առնչությամբ՝ այդպիսի պայմանավորվածության կամ համաձայնագրի համաձայն, Դատարանն այդ մասին տեղեկացնում է Մասնակից պետությունների ասամբլեային, կամ եթե հարցը Դատարանին է հանձնվել Անվտանգության խորհրդի կողմից, ապա Անվտանգության խորհրդին:
6. Դատարանը կարող է դիմել ցանկացած միջկառավարական կազմակերպության՝ տեղեկություններ կամ փաստաթղթեր տրամադրելու համար: Դատարանը կարող է հայցել նաև համագործակցության և աջակցության այլ ձևեր, որոնք կարող են համաձայնեցվել նման կազմակերպության հետ, և որոնք համապատասխանում են այդ կազմակերպության իրավասությանն ու մանդատին:
7. Եթե մասնակից պետությունը, խախտելով սույն Կանոնադրության դրույթները, չի կատարում համագործակցության մասին Դատարանի դիմումը՝ դրանով իսկ խոչընդոտելով Դատարանի՝ սույն Կանոնադրությամբ նախատեսված գործառույթների ու լիազորությունների կատարումը, ապա Դատարանը կարող է այդ հարցի կապակցությամբ եզրահանգում ընդունել և այդ հարցի քննությունը հանձնել Մասնակից պետությունների ասամբլեային, կամ եթե հարցը Դատարանին է հանձնվել Անվտանգության խորհրդի կողմից, ապա Անվտանգության խորհրդին: