Հոդված 36
Հոդված 36
Դատավորների որակավորումները, թեկնածության առաջադրումը և ընտրությունը
1. Հաշվի առնելով 2-րդ մասի դրույթները՝ Դատարանը կազմված է 18 դատավորից:
2. ա) Նախագահությունը, գործելով Դատարանի անունից, կարող է առաջարկություն ներկայացնել 1-ին մասով նախատեսված դատավորների թիվն ավելացնելու վերաբերյալ՝ նշելով այն պատճառները, թե ինչու է դա համարվում անհրաժեշտ ու հինավորված: Քարտուղարը յուրաքանչյուր նման առաջարկի մասին անհապաղ ծանուցում է բոլոր մասնակից պետություններին:
բ) Ցանկացած նման առաջարկ այնուհետև ենթակա է քննարկման Մասնակից պետությունների ասամբլեայի՝ 112-րդ հոդվածին համապատասխան հրավիրված նիստում: Առաջարկը համարվում է ընդունված, եթե նիստում այն արժանանում է Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների երկու երրորդի հավանությանը, և ուժի մեջ է մտնում ասամբլեայի որոշմամբ սահմանված ժամկետում:
գ) i) Դատավորների թվի ավելացման վերաբերյալ առաջարկը “բ” կետի համաձայն ընդունվելուց հետո Մասնակից պետությունների ասամբլեայի հաջորդ նստաշրջանում տեղի է ունենում լրացուցիչ դատավորների ընտրությունը՝ սույն հոդվածի 3-ից 8-րդ մասին և 37-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.
ii) դատավորների թվի ավելացման մասին առաջարկությունը բ և գ (i) ենթակետերին համապատասխան ընդունվելուց և իրականացվելուց հետո Նախագահությունն իր հայեցողությամբ կարող է ցանկացած ժամանակ, եթե Դատարանի աշխատանքի ծավալով արդարացվում է դա, առաջարկել դատավորների թվի կրճատում՝ պայմանով, որ դատավորների թիվը չի նվազելու 1-ին կետով նախատեսվածից: Այդ առաջարկությունը քննարկվում է ա և բ ենթակետերով սահմանված ընթացակարգին համապատասխան: Այդ առաջարկն ընդունվելու դեպքում դատավորների թիվն աստիճանաբար նվազեցվում է գործող դատավորների լիազորության ժամկետը լրանալուն զուգընթաց` մինչև անհրաժեշտ թվին հասնելը:
3. ա) Դատավորներն ընտրվում են բարոյական բարձր հատկանիշներ ունեցող, անկողմնակալություն և բարեվարքություն ցուցաբերող անձանցից, որոնք բավարարում են իրենց համապատասխան պետություններում բարձրագույն դատական պաշտոններում նշանակվելու համար ներկայացվող որակավորման պահանջները:
բ) Դատարանի անդամության համար յուրաքանչյուր թեկնածու պետք է`
i) ունենա ճանաչված հեղինակություն քրեական և դատավարական իրավունքի ոլորտում և դատավորի, դատախազի, փաստաբանի կամ քրեական դատավարության ասպարեզում այլ համարժեք աշխատանքի անհրաժեշտ փորձ, կամ
ii) ունենա ճանաչված հեղինակություն միջազգային իրավունքի համապատասխան ոլորտներում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները, ինչպես նաև Դատարանի դատական գործունեությանն առնչվող մասնագիտական իրավաբանական գործունեության մեծ փորձ:
գ) Դատարանի անդամության համար յուրաքանչյուր թեկնածու պետք է կատարելապես տիրապետի Դատարանի աշխատանքային լեզուներից առնվազն մեկին:
4. ա) Դատարանի անդամության համար թեկնածուներ կարող է առաջադրել սույն Կանոնադրության ցանկացած մասնակից պետություն՝ կա՛մ
i) տվյալ պետությունում բարձրագույն դատական պաշտոններում նշանակվելու համար թեկնածուների առաջադրման ընթացակարգին համապատասխան, կա՛մ
ii) Արդարադատության միջազգային դատարանի կազմում թեկնածուների առաջադրման համար այդ դատարանի Կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգին համապատասխան:
Թեկնածությունների առաջադրումն ուղեկցվում է հայտարարությամբ, որում մանրամասն նշվում է, թե թեկնածուն ինչ կերպ է բավարարում 3-րդ մասով նախատեսված պահանջները:
բ) Յուրաքանչյուր մասնակից պետություն ընտրության ժամանակ կարող է առաջադրել մեկ թեկնածու, որի՝ այդ պետության քաղաքացի լինելը պարտադիր չէ, սակայն ամեն դեպքում նա պետք է լինի որևէ մասնակից պետության քաղաքացի:
գ) Մասնակից պետությունների ասամբլեան նպատակահարմարության դեպքում կարող է որոշել ստեղծել Թեկնածուների առաջադրման խորհրդակցական կոմիտե: Այդ դեպքում Կոմիտեի կազմը և լիազորությունները սահմանում է Մասնակից պետությունների ասամբլեան:
5. Ընտրություններն անցկացնելու համար կազմվում է թեկնածուների երկու ցուցակ`
ցուցակ Ա, որն ընդգրկում է 3-րդ մասի “բ” կետի (i) ենթակետում նշված որակավորման պահանջները բավարարող թեկնածուների անունները, և
ցուցակ Բ, որն ընդգրկում է 3-րդ մասի “բ” կետի (ii) ենթակետում նշված որակավորման պահանջները բավարարող թեկնածուների անունները:
Երկու ցուցակների համար էլ բավարար որակավորում ունեցող թեկնածուն կարող է իր ընտրությամբ որոշել, թե որ ցուցակում պետք է նշվի իր անունը: Դատարանի կազմի առաջին ընտրությունների ժամանակ Ա ցուցակից ընտրվում են առնվազն ինը, իսկ Բ ցուցակից՝ առնվազն հինգ դատավոր: Հետագա ընտրությունները կազմակերպվում են այնպես, որ Դատարանի կազմում պահպանվի երկու ցուցակներում նշված դատավորների համարժեք համամասնությունը:
6. ա) Դատավորներն ընտրվում են Մասնակից պետությունների ասամբլեայի` այդ նպատակով 112-րդ հոդվածի համաձայն հրավիրված նիստում՝ գաղտնի քվեարկությամբ: 7-րդ մասին համապատասխան` Դատարանի կազմում ընտրված են համարվում այն 18 թեկնածուները, որոնք ստացել են առավելագույն թվով ձայներ և քվեարկությանը ներկա ու քվեարկությանը մասնակցած մասնակից պետությունների ձայների երկու երրորդի մեծամասնությունը:
բ) Այն դեպքում, երբ քվեարկության առաջին փուլում բավարար թվով դատավորներ չեն ընտրվում, “ա” կետում սահմանված ընթացակարգին համապատասխան անցկացվում են քվեարկության հաջորդ փուլեր` մինչև թափուր տեղերը լրացվեն:
7. Դատարանի կազմում չեն կարող լինել նույն պետության երկու քաղաքացի: Անձը, որը Դատարանի կազմի առնչությամբ կարող է դիտվել որպես մեկից ավելի պետության քաղաքացի, համարվում է այն պետության քաղաքացին, որտեղ նա սովորաբար իրացնում է իր քաղաքացիական և քաղաքական իրավունքները:
8. ա) Դատավորների ընտրության ժամանակ մասնակից պետությունները հաշվի են առնում Դատարանի կազմում՝
i) աշխարհի հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը,
ii) աշխարհագրական արդարացի ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը, և
iii) իգական և արական սեռի դատավորների արդարացի ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
բ) Մասնակից պետությունները հաշվի են առնում նաև Դատարանի կազմում հատուկ հարցերով իրավաբանական գործունեության փորձ ունեցող դատավորներ ընդգրկելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերը, սակայն չսահմանափակվելով դրանով:
9. ա) Հաշվի առնելով բ ենթակետը՝ դատավորներն իրենց պաշտոնը զբաղեցնում են 9 տարի ժամկետով և հաշվի առնելով գ ենթակետը և 37-րդ հոդվածի 2-րդ մասը վերընտրվելու իրավունք չունեն:
բ) Առաջին ընտրությունների ժամանակ ընտրված դատավորներից վիճակահանությամբ առանձնացված մեկ երրորդը դատավորի պաշտոնը զբաղեցնում է երեք տարի ժամկետով, վիճակահանությամբ առանձնացված հաջորդ մեկ երրորդը՝ վեց տարի ժամկետով, իսկ մնացած դատավորները պաշտոնը զբաղեցնում են ինը տարի ժամկետով:
գ) “բ” կետին համապատասխան երեք տարի ժամկետով ընտրված դատավորն ունի լրիվ ժամկետով վերընտրվելու իրավունք:
10. Անկախ 9-րդ մասի դրույթներից՝ 39-րդ հոդվածին համապատասխան Դատական կամ Վերաքննիչ պալատ նշանակված դատավորը շարունակում է իր պաշտոնը զբաղեցնել մինչև տվյալ պալատի կողմից սկսված դատաքննության կամ բողոքի քննության ավարտը: