Հոդված 81
Հոդված 81
Արդարացման, մեղավոր դատավճռի կամ նշանակված պատժի դեմ ներկայացված բողոքը
1. 74-րդ հոդվածի համաձայն ընդունված որոշումը կարող է բողոքարկվել Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան՝ ստորև ներկայացված կարգով.
ա) Դատախազը կարող է բողոք ներկայացնել հետևյալ հիմքերից որևէ մեկով.
i) դատավարական սխալ,
ii) փաստի սխալ, կամ
iii) իրավունքի սխալ.
բ) դատապարտյալը կամ նրա անունից` Դատախազը բողոք կարող է ներկայացնել հետևյալ ցանկացած հիմքով.
i) դատավարական սխալ.
ii) փաստի սխալ,
iii) իրավունքի սխալ, կամ
iv) ցանկացած այլ հիմքով, որն ազդում է վարույթի կամ որոշման անաչառության կամ դրանց նկատմամբ վստահության վրա:
2. ա) Նշանակված պատիժը, Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան, կարող է բողոքարկվել Դատախազի կամ դատապարտյալի կողմից՝ կատարված հանցագործության և նշանակված պատժի միջև անհամաչափության հիմքով.
բ) եթե Դատարանը նշանակված պատժի դեմ բերված բողոքի քննության արդյունքում համարում է, որ առկա են հիմքեր՝ մեղավոր ճանաչելու մասին որոշումը մասնակիորեն կամ ամբողջովին բեկանելու համար, ապա այն կարող է Դատախազին և դատապարտյալին առաջարկել ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերին համապատասխանող հիմքեր և կարող է մեղավոր ճանաչելու մասին որոշում ընդունել՝ 83-րդ հոդվածին համապատասխան.
գ) նույն ընթացակարգը կիրառվում է նաև այն դեպքում, երբ Դատարանը միայն մեղավոր ճանաչելու մասին որոշման դեմ բողոքի հիման վրա համարում է, որ առկա են պատիժը 2-րդ մասի «ա» կետի համաձայն կրճատելու հիմքեր:
3. ա) Եթե Դատական պալատն այլ բան չի կարգադրում, ապա դատապարտյալը բողոքի քննության ընթացքում շարունակում է պահվել արգելանքի տակ.
բ) այն դեպքում, երբ դատապարտյալի՝ արգելանքի տակ պահվելու ժամանակահատվածը գերազանցում է նշանակված՝ ազատազրկման ձևով պատժի ժամկետը, անձն ազատ է արձակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք է ներկայացնում նաև Դատախազը, ինչի պարագայում ազատ արձակման նկատմամբ կիրառվում են ստորև բերված՝ «գ»» կետով սահմանված պայմանները.
գ) արդարացման որոշում ընդունելու դեպքում մեղադրյալը ենթակա է անհապաղ ազատ արձակման՝ ներքոհիշյալի պայմանների պահպանմամբ.
i) բացառիկ հանգամանքներում և հաշվի առնելով, inter alia, փախուստի իրական վտանգը, հանցագործության վտանգավորությունը և բողոքի բավարարման հավանականությունը՝ Դատական պալատը Դատախազի դիմումով կարող է բողոքի քննության ընթացքում անձին պահել կալանքի տակ,
ii) Դատական պալատի կողմից «գ» կետի (i) ենթակետի հիման վրա կայացված որոշումը կարող է բողոքարկվել Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
4. Որոշման կամ պատժի կատարումը 3-րդ մասի «ա» և «բ» կետերի դրույթների պահպանմամբ կարող է կասեցվել բողոք բերելու համար նախատեսված ժամկետի և բողոքի քննության ընթացքում: