Հոդված 31
Հոդված 31
Քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը
1. Ի լրումն քրեական պատասխանատվությունից ազատելու՝ սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերի՝ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե արարքը կատարելու պահին՝
ա) այդ անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ կամ խանգարումով, որը զրկում է նրան իր վարքագծի անօրինականությունը կամ բնույթը հասկանալու, կամ իր վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխան վերահսկելու ունակությունից.
բ) այդ անձը գտնվում է ինտոքսիկացված վիճակում, որը զրկում է նրան իր վարքագծի անօրինականությունը կամ բնույթը հասկանալու, կամ իր վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխան վերահսկելու ունակությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձն ինտոքսիկացիայի է ենթարկվել կամավոր՝ այնպիսի հանգամանքներում, որոնցում անձը գիտակցել է, որ ինտոքսիկացիայի հետևանքով իր կողմից հնարավոր է Դատարանին ընդդատյա հանցագործություն համարվող արարքի կատարում, կամ անտեսել է իր կողմից նման արարքի կատարման ռիսկը.
գ) այդ անձը գործել է խելամտորեն՝ իրեն կամ այլ անձի, կամ պատերազմական հանցագործությունների դեպքում իր կամ այլ անձի կենդանի մնալու համար հատուկ կարևորության գույքը կամ ռազմական բնույթի խնդիրների կատարման համար հատուկ կարևորության գույքն ուժի անխուսափելի և անօրինական գործադրումից պաշտպանելու նպատակով` կիրառելով իրեն կամ պաշտպանվող այլ անձի կամ գույքին սպառնացող վտանգի աստիճանին համաչափ միջոցներ: Այն հանգամանքը, որ անձը մասնակցել է զինված ուժերի կողմից իրականացված պաշտպանական գործողությունների, ինքնին քրեական պատասխանատվությունից սույն կետի համաձայն ազատելու հիմք չէ.
դ) արարքը, որը ենթադրաբար Դատարանին ընդդատյա հանցագործություն է, եղել է հարկադրված հակազդեցություն՝ այդ անձի կամ այլ անձի անխուսափելի մահվան կամ նրանց անխուսափելի մարմնական վնասվածք պատճառելուն, կամ նման վնասվածքի պատճառումը շարունակելու սպառնալիքին, և այդ անձը ձեռնարկել է այդ սպառնալիքը կանխելուն ուղղված անհրաժեշտ ու ողջամիտ գործողություններ՝ պայմանով, որ նա մտադրություն չի ունեցել պատճառելու ավելի մեծ վնաս, քան այն, ինչը փորձում էր կանխել: Նման սպառնալիք կարող է՝
i) դրսևորվել այլ անձանց կողմից, կամ
ii) առաջանալ այդ անձից անկախ այլ հանգամանքների բերումով:
2. Դատարանն է որոշում իր կողմից քննվող գործի նկատմամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերի կիրառելիության հարցը:
3. Դատաքննության ժամանակ Դատարանը կարող է քրեական պատասխանատվությունից ազատելու համար դիտարկել 1-ին մասում նշված հիմքերից տարբեր որևէ այլ հիմք, եթե այդ հիմքը բխում է 21-րդ հոդվածի համաձայն կիրառելի իրավունքից: Նման հիմքի դիտարկմանը վերաբերող ընթացակարգերը պետք է նախատեսվեն Ընթացակարգի և ապացուցման կանոններով: