Հոդված 91
Հոդված 91
Կալանավորման և փոխանցման վերաբերյալ դիմումի բովանդակությունը
1. Կալանավորման և փոխանցման վերաբերյալ դիմումը ներկայացվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է ներկայացվել գրավոր հաղորդման փոխանցումն ապահովող ցանկացած միջոցով՝ պայմանով, որ այն հաստատվի 87-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված ուղով:
2. Այն անձի կալանավորման և փոխանցման վերաբերյալ դիմումի դեպքում, որի առնչությամբ 58-րդ հոդվածի համաձայն Մինչդատական վարույթի պալատի կողմից ընդունվել է կալանավորման մասին որոշում, դիմումը պետք է պարունակի, կամ դրան պետք է կցվեն՝
ա) փոխանցման ենթակա անձին նկարագրող տեղեկություններ, որոնք բավարար են նրան նույնականացնելու համար, և տեղեկություններ այդ անձի գտնվելու հնարավոր վայրի մասին,
բ) կալանավորման մասին որոշման պատճենը, և
գ) այնպիսի փաստաթղթեր, հաղորդումներ և տեղեկություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հարցվող պետությունում փոխանցման գործընթացի պահանջները բավարարելու համար, այն բացառությամբ, որ այդ պահանջները չպետք է լինեն ավելի ծանրաբեռնող, քան այն պահանջները, որոնք հարցվող պետության և այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերին կամ համաձայնագրերին համապատասխան կիրառվում են հանձնման դիմումի նկատմամբ, և հնարավորության դեպքում պետք է լինեն նվազ ծանրաբեռնող՝ հաշվի առնելով Դատարանի առանձնահատուկ բնույթը:
3. Եթե դիմումը վերաբերում է արդեն մեղավոր ճանաչված անձի կալանավորմանն ու փոխանցմանը, ապա այն պետք է պարունակի կամ դրան պետք է կցվեն՝
ա) այդ անձի կալանավորման ցանկացած որոշման պատճենը,
բ) մեղադրական դատավճռի պատճենը,
գ) տեղեկություն, որը վկայում է, որ փոխանցման ենթակա անձն այն նույն անձն է, որի մասին նշվում է մեղադրական դատավճռում, և
դ) եթե փոխանցման ենթակա անձի նկատմամբ նշանակվել է պատիժ, ապա սահմանված պատժի պատճենը, և եթե սահմանվել է ազատազրկման ձևով պատիժ, ապա նաև նշում պատժի՝ արդեն իսկ կրած ժամկետի և դեռևս կրելու ենթակա մնացած ժամկետի մասին:
4. Դատարանի պահանջով մասնակից պետությունն ընդհանուր առմամբ կամ կոնկրետ հարցի առնչությամբ խորհրդակցում է Դատարանի հետ՝ իր ազգային իրավունքով նախատեսված այն պահանջների վերաբերյալ, որոնք 2-րդ մասի «գ» կետի համաձայն կարող են կիրառվել: Նման խորհրդակցությունների ընթացքում մասնակից պետությունը Դատարանին տեղեկացնում է իր ազգային իրավունքով նախատեսված կոնկրետ պահանջների մասին: