Անցնել բովանդակությանը

Հոդված 68

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68

Տուժողների և վկաների պաշտպանությունը և նրանց մասնակցությունը վարույթներին

1. Դատարանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում տուժողների և վկաների անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան բնականոն վիճակը, արժանապատվությունը և անձնական կյանքի անձեռնմխելիությունը պաշտպանելու համար: Ընդ որում, Դատարանը հաշվի է առնում բոլոր համապատասխան գործոնները, այդ թվում՝ տարիքը, գենդերը, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 3-րդ մասում, և առողջական վիճակը, ինչպես նաև հանցագործության բնույթը, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով դրանով՝ նաև այն հանգամանքը, որ հանցագործությունը ներառել է սեռական բնույթի բռնի գործողություն կամ գենդերային հիմքով բռնություն կամ բռնություն երեխաների նկատմամբ: Դատախազը նման միջոցներ ձեռնարկում է հատկապես այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն և քրեական հետապնդում իրականացնելիս: Այդպիսի միջոցները չպետք է հակասեն մեղադրյալի իրավունքներին կամ անհամատեղելի լինեն դրանց հետ, ինչպես նաև վնասեն արդար ու անկողմնակալ դատաքննության անցկացմանը:

2. Որպես 67-րդ հոդվածում ամրագրված՝ դռնբաց լսումների սկզբունքից բացառություն՝ Դատարանի պալատները կարող են տուժողների և վկաների կամ մեղադրյալի պաշտպանության նպատակով վարույթների ցանկացած հատված անցկացնել in camera (դռնփակ) կամ թույլատրել ապացույցները ներկայացնել էլեկտրոնային կամ այլ հատուկ միջոցներով: Նման միջոցները կիրառվում են մասնավորապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեռական բնույթի բռնության զոհին կամ երեխային, որը տուժող է կամ վկա, եթե Դատարանը, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, հատկապես տուժողի կամ վկայի դիրքորոշումը, այլ բան չի որոշում:

3. Այն դեպքում, երբ շոշափվում են տուժողների անձնական շահերը, Դատարանը թույլատրում է ներկայացնել ու քննել նրանց կարծիքներն ու մտահոգությունները վարույթի այն փուլում, որում Դատարանը նպատակահարմար է համարում, և այնպես, որ դա չվնասի ու չհակասի մեղադրյալի իրավունքներին և արդար ու անկողմնակալ դատաքննության անցկացմանը: Այդ տեսակետներն ու մտահոգությունները կարող են Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան ներկայացվել տուժողների օրինական ներկայացուցիչների կողմից այն դեպքերում, երբ Դատարանը դա նպատակահարմար կհամարի:

4. Տուժողների և վկաների հարցերով բաժինը կարող է առաջարկել Դատախազին և Դատարանին համապատասխան պաշտպանական միջոցառումներ, անվտանգության ապահովման ընթացակարգեր, տրամադրել խորհրդատվություն և 43-րդ հոդվածի 6-րդ մասում նշված աջակցության այլ տեսակներ:

5. Այն դեպքում, երբ ապացույցների կամ տեղեկությունների՝ սույն Կանոնադրության համաձայն հրապարակումը կարող է լրջորեն վտանգել ցանկացած վկայի կամ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, Դատախազը կարող է, դատաքննությանը նախորդող ցանկացած վարույթի նպատակներից ելնելով, չհրապարակել նման ապացույցները կամ տեղեկությունները և փոխարենը ներկայացնել դրանց ամփոփ շարադրանքը: Նշված միջոցառումներն իրականացվում են այնպես, որ չվնասեն ու չհակասեն մեղադրյալի իրավունքներին ու արդար ու անկողմնակալ դատաքննության անցկացմանը:

6. Պետությունը կարող է դիմել իր ծառայողների կամ ներկայացուցիչների, ինչպես նաև գաղտնի կամ զգայուն տեղեկատվության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։