Հոդված 110
Հոդված 110
Պատժի ժամկետի կրճատման հարցի վերանայումը Դատարանի կողմից
1. Պատժի կատարման պետությունը չի կարող անձին ազատ արձակել մինչև Դատարանի կողմից նշանակված պատժի ժամկետը լրանալը:
2. Միայն Դատարանն իրավունք ունի կրճատելու պատժի ժամկետը և այդ մասին որոշումը կայացնում է անձին լսելուց հետո:
3. Այն դեպքում, երբ անձը կրել է պատժի երկու երրորդը կամ ցմահ ազատազրկման դեպքում՝ 25 տարին, Դատարանը վերանայում է նշանակված պատիժը՝ որոշելու համար դրա ժամկետը կրճատելու հնարավորությունը: Նման վերանայում չի կարող կատարվել մինչև վերոնշյալ ժամկետը լրանալը:
4. 3-րդ մասի համաձայն վերանայելով՝ Դատարանը կարող է պատժի ժամկետը կրճատել, եթե այն գտնում է, որ առկա են հետևյալ գործոններից մեկը կամ մի քանիսը.
ա) անձի նախկինում արտահայտած և անփոփոխ պատրաստակամությունը՝ համագործակցելու Դատարանի հետ՝ դրա կողմից իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների առնչությամբ.
բ) անձի կամավոր աջակցությունն այլ գործերով Դատարանի կայացրած դատավճիռների և կարգադրությունների կատարմանը, մասնավորապես՝ աջակցությունն այն ակտիվների հայտնաբերման նպատակով, որոնց առնչությամբ կայացվել են տուգանքի, բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ կարգադրություններ, և որոնք կարող են օգտագործվել ի շահ տուժողների, կամ
գ) Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված այլ գործոններ, որոնք վկայում են հանգամանքների այնպիսի ակնհայտ և էական փոփոխության մասին, որը բավարար հիմք է պատժի ժամկետը կրճատելու համար:
5. Եթե Դատարանը, 3-րդ մասի համաձայն, սկզբնական վերանայման արդյունքում որոշում է, որ պատժի ժամկետի կրճատումը նպատակահարմար չէ, ապա պատժի ժամկետի կրճատման հարցը այն վերանայում է հետագայում՝ այնպիսի պարբերականությամբ և չափորոշիչների կիրառմամբ, որոնք նախատեսված են Ընթացակարգի և ապացուցման կանոններով: