Հոդված 25
Հոդված 25
Անհատական քրեական պատասխանատվությունը
1. Դատարանը ֆիզիկական անձանց նկատմամբ իրավազորությամբ օժտված է սույն Կանոնադրությանը համապատասխան:
2. Դատարանին ընդդատյա հանցագործություն կատարած անձը կրում է անհատական պատասխանատվություն և ենթակա է պատժի սույն Կանոնադրությանը համապատասխան:
3. Սույն Կանոնադրությանը համապատասխան՝ Դատարանին ընդդատյա հանցագործություն կատարելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի, եթե նա՝
ա) կատարում է նման հանցագործություն անհատապես, այլ անձի հետ համատեղ կամ այլ անձի միջոցով` անկախ վերջինիս քրեական պատասխանատվության ենթակա լինելու հանգամանքից.
բ) կարգադրում, հրահրում կամ դրդում է կատարել նման հանցագործություն, որը փաստացի կատարվում է կամ կատարելու փորձ է արվում.
գ) նման հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով օժանդակում, նպաստում կամ որևէ այլ կերպ աջակցում է դրա կատարմանը կամ կատարման փորձին, ներառյալ՝ կատարման համար միջոցների տրամադրումը.
դ) ցանկացած այլ կերպ նպաստում է ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից նման հանցագործության կատարմանը կամ կատարման փորձին:
Նման կերպ նպաստելը պետք է կատարվի դիտավորությամբ և՝
i) խմբի հանցավոր գործունեությանը կամ հանցավոր նպատակին աջակցելու նպատակով այն դեպքում, երբ նման գործունեությունը կամ նպատակը կապված է Դատարանին ընդդատյա հանցագործության կատարման հետ, կամ
ii) գիտակցելով խմբի՝ հանցագործություն կատարելու դիտավորությունը.
ե) ցեղասպանության հանցագործության դեպքում՝ ուղղակի և հրապարակայնորեն դրդում է այլոց՝ ցեղասպանություն կատարելուն.
զ) փորձում է կատարել նման հանցագործություն՝ դրա կատարման համար ձեռնարկելով էական քայլ հանդիսացող գործողություններ, սակայն հանցագործությունն անավարտ է մնում անձի կամքից անկախ հանգամանքների պատճառով: Միաժամանակ անձը, որը հրաժարվում է հանցագործություն կատարելու փորձից կամ որևէ այլ կերպ կանխում է հանցագործությունն ավարտին հասցնելը, սույն Կանոնադրության համաձայն ենթակա չէ պատասխանատվության այդ հանցագործության կատարման փորձի համար, եթե այդ անձն ամբողջովին և կամովին հրաժարվել է հանցավոր նպատակից:
4. Սույն Կանոնադրության՝ անհատական քրեական պատասխանատվությանը վերաբերող որևէ դրույթ չի ազդում միջազգային իրավունքի համաձայն պետությունների պատասխանատվության վրա: