Հոդված 28
Հոդված 28
Հրամանատարների և մյուս պետերի պատասխանատվությունը
Ի լրումն սույն Կանոնադրությամբ նախատեսված՝ Դատարանին ընդդատյա հանցագործությունների համար քրեական պատասխանատվության այլ հիմքերի՝
ա) զինվորական հրամանատարը կամ որպես զինվորական հրամանատար արդյունավետ գործող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Դատարանին ընդդատյա այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են իր արդյունավետ հրամանատարության և հսկողության կամ, ըստ կոնկրետ դեպքի, իր արդյունավետ իշխանության և վերահսկողության ներքո գտնվող ուժերի կողմից` այդ ուժերի նկատմամբ իր ոչ պատշաճ վերահսկողության պատճառով, եթե՝
i) այդ զինվորական հրամանատարը կամ այդ անձը տեղյակ է եղել կամ տվյալ պահին առկա հանգամանքներից ելնելով՝ պարտավոր էր տեղյակ լինել, որ այդ ուժերը կատարում էին կամ պատրաստվում էին կատարել նման հանցագործություններ, և
ii) այդ զինվորական հրամանատարը կամ այդ անձն իր լիազորությունների սահմաններում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և ողջամիտ միջոցները՝ դրանց կատարումը կանխելու կամ խափանելու, կամ քննություն և քրեական հետապնդում իրականացնելու նպատակով տվյալ հարցը իրավասու մարմիններին փոխանցելու համար.
բ) վերադասի և ենթակայի՝ «ա» կետով չնախատեսված հարաբերությունների առնչությամբ վերադասը ենթակա է քրեական պատասխանատվության Դատարանին ընդդատյա այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են իր արդյունավետ ղեկավարման և վերահսկողության ներքո գտնվող ենթակաների կողմից` նրանց նկատմամբ իր ոչ պատշաճ վերահսկողության պատճառով, եթե՝
i) վերադաս տեղյակ է եղել կամ գիտակցաբար անտեսել է այն տեղեկատվությունը, որն ակնհայտորեն վկայել է, որ ենթակաները կատարում էին կամ պատրաստվում էին կատարել նման հանցագործություններ,
ii) հանցագործություններն առնչվում էին այն գործողություններին, որոնք վերադասի արդյունավետ պատասխանատվության և վերահսկողության շրջանակներում էին, և
iii) վերադասը իր լիազորությունների սահմաններում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ու ողջամիտ միջոցները՝ դրանց կատարումը կանխելու կամ խափանելու, կամ քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով տվյալ հարցը իրավասու մարմիններին փոխանցելու համար: