Հոդված 42
Հոդված 42
Դատախազի գրասենյակը
1. Դատախազի գրասենյակը գործում է անկախ՝ որպես Դատարանի առանձին մարմին: Այն պատասխանատու է Դատարանին ընդդատյա հանցագործությունների վերաբերյալ ներկայացվող իրավիճակները և ցանկացած հիմնավոր տեղեկատվություն ստանալու, դրանք ուսումնասիրելու և Դատարանում քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու համար: Գրասենյակի աշխատակիցները որևէ արտաքին աղբյուրից ցուցումներ չեն ստանում և չեն կատարում:
2. Գրասենյակը գլխավորում է Դատախազը: Դատախազն օժտված է Գրասենյակը, ներառյալ՝ անձնակազմը, շենքը և իր տնօրինության տակ գտնվող մյուս միջոցները ղեկավարելու և կառավարելու բոլոր լիազորություններով: Դատախազին օգնում են Դատախազի մեկ կամ մի քանի տեղակալներ, որոնք իրավասու են իրականացնելու ցանկացած այնպիսի գործողություն, որը սույն Կանոնադրության համաձայն պետք է կատարի Դատախազը: Դատախազը և Դատախազի տեղակալները պետք է լինեն տարբեր պետությունների քաղաքացիներ: Նրանք աշխատում են լրիվ զբաղվածության հիմքով:
3. Դատախազը և Դատախազի տեղակալները բարձր բարոյականությամբ օժտված, բարձր որակավորումով և քրեական գործերով հետապնդման կամ դատաքննության բնագավառում գործնական մեծ փորձ ունեցող անձինք են: Նրանք պետք է կատարյալ տիրապետեն Դատարանի աշխատանքային լեզուներից առնվազն մեկին և ազատ խոսեն այդ լեզվով:
4. Դատախազն ընտրվում է Մասնակից պետությունների ասամբլեայի անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Դատախազի տեղակալներն ընտրվում են նույն կարգով՝ Դատախազի ներկայացրած թեկնածուների ցուցակից: Դատախազի տեղակալի յուրաքանչյուր տեղի համար Դատախազն առաջադրում է երեք թեկնածություն: Եթե նրանց ընտրության ժամանակ լիազորության ավելի կարճ ժամկետ չի սահմանվում, ապա Դատախազն ու Դատախազի տեղակալներն ընտրվում են ինը տարի ժամկետով և չեն կարող վերընտրվել:
5. Ոչ Դատախազը, ոչ էլ Դատախազի տեղակալները չեն զբաղվում այնպիսի գործունեությամբ, որը կարող է խանգարել նրանց դատախազական գործառույթների իրականացմանը կամ կասկածի տակ դնել նրանց անկախությունը: Նրանք մասնագիտական բնույթի որևէ այլ գործունեությամբ չեն զբաղվում:
6. Նախագահությունը կարող է Դատախազին կամ Դատախազի տեղակալին իրենց խնդրանքով ազատել այս կամ այն կոնկրետ գործին մասնակցելուց:
7. Ո՛չ Դատախազը, ո՛չ էլ Դատախազի տեղակալները չեն մասնակցում այնպիսի գործի, որի առնչությամբ նրանց անկողմնակալությունը կարող է ցանկացած հիմքով ողջամիտ կասկածի տակ դրվել: Սույն մասին համապատասխան նրանք գործի քննությունից հեռացվում են, եթե, inter alia, նախկինում որևէ կարգավիճակով ներգրավված են եղել Դատարանում քննվող տվյալ գործում կամ այն անձի առնչությամբ ազգային մակարդակում քննվող գործում, որի առնչությամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում:
8. Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնելու վերաբերյալ ցանկացած հարց լուծվում է Վերաքննիչ պալատի կողմից:
ա) Անձը, որի նկատմամբ իրականացվում է քննություն կամ հետապնդում, կարող է ցանկացած ժամանակ Դատախազին կամ Դատախազի տեղակալին բացարկ հայտնել սույն հոդվածում ամրագրված հիմքերով:
բ) Դատախազը կամ Դատախազի տեղակալը համապատասխանաբար իրավունք ունեն ներկայացնելու իրենց նկատառումները տվյալ հարցի վերաբերյալ:
9. Դատախազը նշանակում է հատուկ հարցերով իրավաբանական գործունեության փորձ ունեցող խորհրդատուներ, ներառյալ՝ սեռական բնույթի և գենդերային հիմքով բռնության և երեխաների նկատմամբ բռնության հարցերը, սակայն չսահմանափակվելով դրանցով: