Անցնել բովանդակությանը

Հոդված 58

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58

Մինչդատական վարույթի պալատի կողմից կալանավորման մասին որոշում կայացնելը կամ ներկայանալու մասին ծանուցելը

1. Քննություն սկսելուց հետո ցանկացած ժամանակ Մինչդատական վարույթի պալատը Դատախազի դիմումի հիման վրա կայացնում է անձին կալանավորելու մասին որոշում, եթե քննության առնելով դիմումը և ապացույցները կամ Դատախազի ներկայացրած մյուս տեղեկությունները՝ համոզվել է, որ՝

ա) ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ անձը կատարել է Դատարանին ընդդատյա հանցագործություն, և

բ) տվյալ անձին կալանավորելն անհրաժեշտ է՝

i) դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար,

ii) այդ անձի կողմից քննության կամ դատական վարույթների համար խոչընդոտների կամ սպառնալիքների ստեղծումը կանխելու նպատակով, կամ

iii) համապատասխան դեպքերում այդ անձի կողմից Դատարանին ընդդատյա տվյալ հանցագործության կամ դրա հետ կապված մեկ այլ, միևնույն հանգամանքներով զուգորդված հանցագործության կատարման շարունակումը կանխելու համար:

2. Դատախազի դիմումում նշվում են՝

ա) անձի անունը և նրա ինքնությունը հաստատող ցանկացած այլ համապատասխան տեղեկություն,

բ) կոնկրետ տեղեկություններ Դատարանին ընդդատյա հանցագործությունների վերաբերյալ, որոնք ենթադրաբար կատարել է տվյալ անձը,

գ) այն փաստերի համառոտ շարադրանքը, որոնք ենթադրաբար կազմում են այդ հանցագործությունները,

դ) ապացույցների ամփոփագիր և ցանկացած այլ տեղեկություն, որը ողջամիտ հիմք է ստեղծում ենթադրելու, որ տվյալ անձը կատարել է այդ հանցագործությունները, և

ե) այն պատճառը, ըստ որի Դատախազն անհրաժեշտ է համարում տվյալ անձին կալանավորելը:

3. Կալանավորման մասին որոշման մեջ նշվում են՝

ա) անձի անունը և նրա ինքնությունը հաստատող ցանկացած այլ համապատասխան տեղեկություն,

բ) Դատարանին ընդդատյա այն կոնկրետ հանցագործությունները, որոնց կապակցությամբ տվյալ անձի կալանավորումն անհրաժեշտ է, և

գ) այն փաստերի համառոտ շարադրանքը, որոնք ենթադրաբար կազմում են այդ հանցագործությունները:

4. Կալանավորման մասին որոշումը մնում է ուժի մեջ, քանի դեռ Դատարանն այլ բան չի կարգադրել:

5. Կալանավորման մասին որոշման հիման վրա Դատարանը կարող է պահանջել անձի նախնական կալանավորում կամ նրա կալանավորում ու փոխանցում՝ համաձայն Մաս 9-ի:

6. Դատախազը կարող է դիմել Մինչդատական վարույթի պալատին՝ ուղղումներ կատարելու կալանավորման մասին որոշման մեջ՝ փոփոխելով կամ լրացնելով դրանում նշված հանցագործությունները: Մինչդատական վարույթի պալատը կալանավորման մասին որոշման մեջ կատարում է համապատասխան ուղղումները, եթե հավաստիանում է, որ կան բավարար հիմքեր՝ համարելու, որ տվյալ անձը կատարել է այդ փոփոխված կամ լրացուցիչ հանցագործությունները:

7. Որպես կալանավորման մասին որոշման համար դիմելու այլընտրանք՝ Դատախազը կարող է խնդրել Մինչդատական վարույթի պալատին տալ տվյալ անձի՝ Դատարան ներկայանալու ծանուցում: Եթե Մինչդատական վարույթի պալատը հավաստիանում է, որ կան բավարար հիմքեր՝ համարելու, որ տվյալ անձը կատարել է ենթադրյալ հանցագործությունը, և Դատարան ներկայանալու ծանուցումը բավարար միջոց է տվյալ անձի ներկայությունն ապահովելու համար, ապա Պալատը տալիս է Դատարան ներկայանալու ծանուցում՝ ազատությունը սահմանափակող պայմաններով կամ առանց այդ պայմանների (կալանավորումից բացի), եթե դա նախատեսված է ազգային իրավունքով: Դատարան ներկայանալու ծանուցման մեջ նշվում են՝

ա) անձի անունը և նրա ինքնությունը հաստատող ցանկացած այլ տեղեկություն,

բ) անձի ներկայանալու կոնկրետ ամսաթիվը,

գ) Դատարանին ընդդատյա այն հանցագործությունների կոնկրետ հղումը, որոնք ենթադրաբար կատարել է տվյալ անձը, և

դ) այն փաստերի համառոտ շարադրանքը, որոնք ենթադրաբար կազմում են այդ հանցագործությունը:

Դատարան ներկայանալու ծանուցումը հանձնվում է անմիջականորեն տվյալ անձին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։