Հոդված 61
Հոդված 61
Մեղադրանքների հաստատումը մինչև դատաքննությունը
1. Անձին Դատարանին փոխանցելուց կամ Դատարան նրա կամավոր ներկայանալուց հետո ողջամիտ ժամկետում Մինչդատական վարույթի պալատը կազմակերպում է լսումներ համաձայն 2-րդ մասի դրույթների՝ այն մեղադրանքները հաստատելու կապակցությամբ, որոնց հիման վրա Դատախազը հետամուտ է դատաքննությանը: Լսումներն անցկացվում են Դատախազի և մեղադրյալի, ինչպես նաև նրա պաշտպանի ներկայությամբ:
2. Հաստատելու համար այն մեղադրանքները, որոնց հիման վրա Դատախազը հետամուտ է դատաքննությանը, Մինչդատական վարույթի պալատը կարող է Դատախազի դիմումով կամ իր նախաձեռնությամբ լսումները կազմակերպել մեղադրյալի բացակայությամբ այն դեպքերում, երբ՝
ա) մեղադրյալը հրաժարվել է լսումներին ներկա գտնվելու իր իրավունքից կամ
բ) մեղադրյալը թաքնվում է, կամ հնարավոր չէ պարզել նրա գտնվելու վայրը, և նրա ներկայությունը Դատարանում ապահովելու, ինչպես նաև նրա դեմ առաջադրված մեղադրանքների և դրանց հաստատման կապակցությամբ լսումներ կազմակերպելու մասին նրան տեղեկացնելու համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր քայլերը:
Նշված դեպքում այդ անձին կարող է ներկայացնել պաշտպանը, եթե Մինչդատական վարույթի պալատը որոշի, որ դա բխում է արդարադատության շահերից:
3. Մինչև լսումները ողջամիտ ժամկետում այդ անձը պետք է՝
ա) ստանա այն մեղադրանքները բովանդակող փաստաթղթի պատճենը, որոնց հիման վրա Դատախազը մտադիր է անձի նկատմամբ իրականացնել դատաքննություն, և
բ) տեղեկացվի այն ապացույցների մասին, որոնք լսումների ժամանակ Դատախազը մտադիր է վկայակոչել:
Մինչդատական վարույթի պալատը կարող է կարգադրություն անել լսումների նպատակով տեղեկատվության հրապարակման վերաբերյալ:
4. Մինչև լսումները Դատախազը կարող է շարունակել քննությունը և կարող է փոփոխել կամ հանել ցանկացած մեղադրանք: Լսումներից առաջ մեղադրյալն ստանում է համապատասխան ծանուցում մեղադրանքների ցանկացած փոփոխության կամ դրանց հանման մասին: Մեղադրանքները հանելու դեպքում Դատախազը Մինչդատական վարույթի պալատին ծանուցում է դրանք հանելու պատճառների մասին:
5. Լսումների ընթացքում Դատախազը մեղադրանքի յուրաքանչյուր կետ հիմնավորում է ապացույցներով, որոնք բավարար և էական հիմքեր են ստեղծում ենթադրելու, որ տվյալ անձը կատարել է այն հանցագործությունը, որի մեջ մեղադրվում է: Դատախազը կարող է հիմնվել փաստաթղթային ապացույցների կամ ապացույցների համառոտ շարադրանքի վրա և կարող է չկանչել այն վկաներին, որոնք ակնկալվում է, որ դատաքննության ընթացքում ցուցմունք են տալու:
6. Լսումների ժամանակ անձը կարող է՝
ա) մեղադրանքների դեմ առարկություններ ներկայացնել,
բ) վիճարկել Դատախազի ներկայացրած ապացույցները, և
գ) ներկայացնել ապացույցներ:
7. Մինչդատական վարույթի պալատը լսումների հիման վրա որոշում է, թե կան արդյոք բավարար ապացույցներ, որոնք էական հիմքեր են ստեղծում ենթադրելու, որ տվյալ անձը կատարել է այն հանցագործություններից յուրաքանչյուրը, որոնց մեջ նա մեղադրվում է: Իր որոշման վրա հիմնվելով՝ Մինչդատական վարույթի պալատը՝
ա) հաստատում է այն մեղադրանքները, որոնց առնչությամբ որոշել է, որ կան բավարար ապացույցներ, և այդ անձին հանձնում է Դատական պալատին` հաստատված մեղադրանքների կապակցությամբ դատաքննություն իրականացնելու համար.
բ) չի հաստատում այն մեղադրանքները, որոնց կապակցությամբ որոշել է, որ չկան բավարար ապացույցներ,
գ) հետաձգում է լսումները և Դատախազին խնդրում քննարկել`
i) կոնկրետ մեղադրանքի առնչությամբ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու կամ լրացուցիչ քննություն իրականացնելու հնարավորությունը, կամ
ii) մեղադրանքը փոփոխելու հնարավորությունը, քանի որ ներկայացված ապացույցները ենթադրաբար վկայում են Դատարանին ընդդատյա այլ հանցագործության կատարման մասին:
8. Այն դեպքում, երբ Մինչդատական վարույթի պալատը չի հաստատում մեղադրանքը, դա չի խոչընդոտում Դատախազին հետագայում կրկին դիմելու այդ մեղադրանքի հաստատման պահանջով, եթե այդ պահանջը հիմնավորվում է լրացուցիչ ապացույցներով:
9. Մեղադրանքների հաստատումից հետո և մինչև դատաքննությունն սկսվելը Դատախազը կարող է Մինչդատական վարույթի պալատի թույլտվությամբ և մեղադրյալին ծանուցելուց հետո փոփոխել մեղադրանքները: Եթե Դատախազը մտադիր է առաջադրել լրացուցիչ մեղադրանքներ կամ մեղադրանքները փոխարինել ավելի լուրջ մեղադրանքներով, ապա սույն հոդվածին համապատասխան այդ մեղադրանքները հաստատելու համար պետք է անցկացվեն լսումներ: Դատաքննությունն սկսվելուց հետո Դատախազը Դատական պալատի թույլտվությամբ կարող է հանել մեղադրանքները:
10. Մինչդատական վարույթի պալատի կողմից չհաստատված ցանկացած մեղադրանքի կամ Դատախազի կողմից հանված մեղադրանքի կապակցությամբ նախկինում տրված՝ կալանավորման մասին ցանկացած որոշման գործողություն դադարում է:
11. Մեղադրանքները սույն հոդվածին համապատասխան հաստատվելուց հետո Նախագահությունը կազմավորում է Դատական պալատ, որը, հաշվի առնելով 9-րդ կետը և 64-րդ հոդվածի 4-րդ մասը, պատասխանատու է հետագա քննության համար և կարող է իրականացնել Մինչդատական վարույթի պալատի ցանկացած գործառույթ, որը վերաբերում է այդ քննությանը և կարող է իրականացվել դրա ընթացքում: