Հոդված 64
Հոդված 64
Դատական պալատի գործառույթներն ու լիազորությունները
1. Դատական պալատի՝ սույն հոդվածով նախատեսված գործառույթներն ու լիազորություններն իրականացվում են սույն Կանոնադրությանը և Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
2. Դատական պալատն ապահովում է, որ դատաքննությունը լինի արդար ու իրականացվի առանց ձգձգումների, մեղադրյալի իրավունքների լիարժեք պահպանմամբ և պատշաճ կերպով հաշվի առնվի տուժողների ու վկաների պաշտպանության հարցը:
3. Սույն Կանոնադրությանը համապատասխան՝ գործի քննության նշանակումից հետո գործի քննությունն իրականացնելու համար նշանակված Դատական պալատը՝
ա) խորհրդակցում է կողմերի հետ և ընդունում այնպիսի ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են վարույթների արդար և առանց ձգձգումների ընթացքն ապահովելու համար,
բ) որոշում է դատաքննության ընթացքում օգտագործվող լեզուն կամ լեզուները, և
գ) պահպանելով սույն Կանոնադրության ցանկացած այլ վերաբերելի դրույթ՝ հրապարակում է նախկինում չհրապարակված փաստաթղթերը կամ տեղեկությունները դատաքննությունից առաջ՝ բավարար ժամկետում, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով պատրաստվել դատաքննությանը:
4. Դատական պալատը կարող է, եթե դա պահանջվում է իր գործառույթների արդյունավետ և արդարացի կատարման համար, նախնական հարցերը հանձնել Մինչդատական վարույթի պալատին կամ անհրաժեշտության դեպքում՝ Մինչդատական վարույթի բաժանմունքի այլ դատավորի:
5. Կողմերին ծանուցելով՝ Դատական պալատը համապատասխան դեպքերում կարող է կարգադրել միացնել կամ առանձնացնել մեկից ավելի մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները:
6. Դատաքննությունից առաջ կամ դատաքննության ընթացքում իր գործառույթներն իրականացնելիս Դատական պալատն անհրաժեշտության դեպքում՝
ա) իրականացնում է Մինչդատական վարույթի պալատի՝ 61-րդ հոդվածի 11-րդ մասում նշված ցանկացած գործառույթ,
բ) վկաներից պահանջում է ներկայանալ և ցուցմունքներ տալ, ինչպես նաև ներկայացնել փաստաթղթեր և այլ ապացույցներ՝ անհրաժեշտության դեպքում դրա համար դիմելով պետությունների աջակցությանը, ինչպես նախատեսված է սույն Կանոնադրությունում,
գ) ապահովում է գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը,
դ) կարգադրություն է անում ներկայացնելու ապացույցներ` ի լրումն դատաքննությունից առաջ արդեն հավաքված կամ դատաքննության ընթացքում կողմերի ներկայացրած ապացույցների,
ե) ապահովում է մեղադրյալի, վկաների և տուժողների պաշտպանությունը, և
զ) որոշում է կայացնում գործին վերաբերող ցանկացած այլ հարցով:
7. Դատաքննությունն անցկացվում է դռնբաց: Սակայն Դատական պալատը կարող է որոշել, որ հատուկ հանգամանքներով պահանջվում է, որ 68-րդ հոդվածում նախատեսված նպատակներով կամ որպես ապացույց ներկայացվող գաղտնի կամ զգայուն տեղեկությունների պաշտպանության համար որոշ նիստեր անցկացվեն դռնփակ:
8. ա) Դատաքննության սկզբում Դատական պալատը մեղադրյալի համար ընթերցում է Մինչդատական վարույթի պալատի կողմից նախապես հաստատված մեղադրանքները: Դատական պալատը հավաստիանում է, որ մեղադրյալը հասկանում է մեղադրանքների բովանդակությունը: Դատական պալատը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում 65-րդ հոդվածին համապատասխան ընդունելու իր մեղքը կամ իր անմեղության մասին հայտարարություն անելու:
բ) Նախագահող դատավորը դատաքննության ընթացքում կարող է վարույթների կապակցությամբ ցուցումներ տալ, այդ թվում՝ դրանց արդար և անկողմնակալ անցկացումն ապահովելու համար: Պահպանելով նախագահող դատավորի ցանկացած ցուցում՝ կողմերը կարող են, սույն Կանոնադրության դրույթներին համապատասխան, ներկայացնել ապացույցներ:
9. Դատական պալատը, inter alia, իրավունք ունի կողմերից մեկի դիմումով կամ իր նախաձեռնությամբ՝
ա) որոշում կայացնելու ապացույցների թույլատրելիության կամ վերաբերելիության մասին, և
բ) ձեռնարկելու լսումների ընթացքում կարգ ու կանոնի պահպանությանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները:
10. Դատական պալատն ապահովում է վարույթները ճշգրտորեն արտացոլող՝ դատաքննության ամբողջական արձանագրության կազմումը և դրա վարումն ու պահպանումը Քարտուղարի կողմից: