Հոդված 69
Հոդված 69
Ապացույցները
1. Յուրաքանչյուր վկա, համաձայն Ընթացակարգի և ապացուցման կանոնների, ցուցմունք տալուց առաջ պարտավորվում է տալ ճշմարիտ ցուցմունք:
2. Դատաքննության փուլում վկաները ցուցմունքը տալիս են անձամբ, բացառությամբ 68-րդ հոդվածով կամ Ընթացակարգի և ապացուցման կանոններով սահմանված միջոցառումներով նախատեսված դեպքերի: Դատարանը կարող է նաև վկաներին թույլատրել ցուցմունք տալ viva voce (բանավոր) կամ տեսա-աուդիո տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև փաստաթղթեր կամ գրառումներ ներկայացնելով՝ ելնելով սույն Կանոնադրության դրույթներից ու Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան: Այդ միջոցառումները չպետք է վնասեն կամ հակասեն մեղադրյալի իրավունքներին:
3. Կողմերը գործին վերաբերող ապացույցները կարող են ներկայացնել 64-րդ հոդվածին համապատասխան: Դատարանն իրավասու է պահանջել այն բոլոր ապացույցների ներկայացումը, որոնք անհրաժեշտ է համարում ճշմարտության բացահայտման համար:
4. Դատարանը Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան կարող է որոշում կայացնել յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության մասին՝ հաշվի առնելով, inter alia, դրա ապացուցողական ուժը, ինչպես նաև այն վնասը, որն այդ ապացույցը կարող է պատճառել արդար դատաքննության անցկացմանը կամ վկաների ցուցմունքների արդարացի գնահատմանը:
5. Դատարանը հարգում և պահպանում է Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված՝ գաղտնիությանն առնչվող արտոնությունները:
6. Դատարանը չի պահանջում հանրահայտ փաստերի ապացուցում, սակայն կարող է դատական կարգով դրանք ընդունել ի գիտություն:
7. Սույն Կանոնադրության դրույթների կամ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների խախտումով ձեռք բերված ապացույցները թույլատրելի չեն, եթե՝
ա) խախտումն էապես կասկածի տակ է դնում ապացույցի հավաստիությունը, կամ
բ) ապացույցների թույլատրումն անհամատեղելի կլինի վարույթի բարեխիղճ անցկացման հետ և լրջորեն կվնասի դրան:
8. Պետության կողմից ձեռք բերված ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցը որոշելիս Դատարանն այդ պետության ազգային իրավունքի կիրառման վերաբերյալ որոշում չի կայացնում: