Հոդված 7
Հոդված 7
Մարդկության դեմ հանցագործություններ
1. Սույն Կանոնադրության նպատակներով «մարդկության դեմ հանցագործություն» նշանակում է ստորև բերված արարքներից ցանկացածը, որը կատարվում է որպես քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման մաս, եթե նման հարձակումը կատարվում է գիտակցաբար.
ա) սպանություն,
բ) բնաջնջում,
գ) ստրկացում,
դ) բնակչության բռնագաղթ կամ բռնի տեղահանում,
ե) բանտարկություն կամ ֆիզիկական ազատությունից զրկում այլ խիստ միջոցներով՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտմամբ,
զ) խոշտանգում,
է) բռնաբարություն, սեռական ստրկացում, հարկադիր մարմնավաճառություն, հարկադրական հղիություն, հարկադրական ամլացում կամ համեմատելի ծանրության սեռական բնույթի ցանկացած այլ բռնի գործողություն,
ը) նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդում քաղաքական, ռասայական, ազգային, էթնիկական, մշակութային, կրոնական, գենդերային, ինչպես նախատեսված է 3-րդ կետում, կամ այլ հիմքերով, որոնք միջազգային իրավունքով համընդհանուր ճանաչված են անընդունելի` կապված սույն կետում նշված ցանկացած արարքի կամ Դատարանին ընդդատյա ցանկացած հանցագործության հետ,
թ) մարդկանց բռնի անհետացում,
ժ) ապարտեիդի հանցագործություն,
ժա) միտումնավոր ուժեղ տառապանք կամ մարմնական լուրջ վնասվածքներ պատճառող կամ հոգեկան կամ ֆիզիկական առողջությունը քայքայող նմանաբնույթ այլ անմարդկային արարքներ:
2. 1-ին մասի նպատակներով՝
ա) «քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակում» նշանակում է գործողությունների ընթացք, որը ներառում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված՝ 1-ին կետում վկայակոչված արարքների բազմակի կատարում, որոնք ձեռնարկվում են պետության կամ կազմակերպության՝ նման հարձակում իրականացնելուն ուղղված քաղաքականություն վարելու կամ այդ քաղաքականությանն աջակցելու նպատակով.
բ) «բնաջնջումը» ներառում է կյանքի այնպիսի պայմանների դիտավորյալ ստեղծումը, inter alia (ի թիվս այլնի), սննդամթերք և դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից զրկումը, որոնք ուղղված են բնակչության մի մասի ոչնչացմանը.
գ) «ստրկացում» նշանակում է անձի նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված որևէ կամ ողջ լիազորությունների իրականացում և ընդգրկում է նման լիազորության իրականացումը մարդկանց, մասնավորապես՝ կանանց ու երեխաների թրաֆիքինգի ընթացքում.
դ) «բնակչության բռնագաղթ կամ բռնի տեղահանում» նշանակում է արտաքսման կամ այլ հարկադրական գործողությունների միջոցով համապատասխան անձանց բռնի տեղափոխում իրենց օրինական բնակության տարածքից` առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի.
ե) «խոշտանգում» նշանակում է կալանքի տակ կամ մեղադրյալի հսկողության տակ գտնվող անձին դիտավորյալ կերպով ֆիզիկական կամ հոգեկան սուր ցավ կամ տառապանք պատճառելը. խոշտանգում չի համարվում այն ցավը կամ տառապանքը, որն առաջանում է միայն օրինական պատժամիջոցներից, ներհատուկ է դրանց և կապված է դրանց հետ.
զ) «հարկադրական հղիություն» նշանակում է հարկադրաբար հղիացված որևէ կնոջ ապօրինի ազատությունից զրկելը` որևէ ազգաբնակչության էթնիկական կազմը փոփոխելու կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումներ կատարելու նպատակով: Սույն սահմանումը որևէ կերպ չպետք է մեկնաբանվի որպես հղիության վերաբերյալ ազգային օրենքների վրա ազդեցություն.
է) «հետապնդում» նշանակում է այս կամ այն խմբին կամ հանրույթին պատկանելու պատճառով հիմնարար իրավունքներից դիտավորությամբ և կոպիտ կերպով զրկելը՝ ի հակադրություն միջազգային իրավունքի.
ը) «ապարտեիդի հանցագործություն» նշանակում է 1-ին կետում նշվածներին նմանաբնույթ անմարդկային արարքներ, որոնք կատարվում են ռասայական մի խմբի կողմից ռասայական մեկ այլ խմբի կամ խմբերի նկատմամբ կանոնավոր ճնշման և գերիշխանության ինստիտուցիոնալացված ռեժիմի համատեքստում և այդ ռեժիմի պահպանման նպատակով.
թ) «մարդկանց բռնի անհետացում» նշանակում է մարդկանց ձերբակալում, կալանավորում կամ առևանգում պետության կամ քաղաքական կազմակերպության կողմից կամ նրանց թույլտվությամբ, աջակցությամբ կամ համաձայնությամբ` չընդունելով դա իբրև ազատազրկում կամ հրաժարվելով այդ մարդկանց ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն տալուց՝ օրենքով պաշտպանվելու հնարավորությունից երկար ժամանակով նրանց զրկելու համար:
3. Սույն Կանոնադրության նպատակներով «գենդեր» եզրույթը հասարակության համատեքստում վերաբերում է երկու՝ իգական և արական սեռերին: «Գենդեր» եզրույթը չունի վերոհիշյալից տարբերվող որևէ այլ իմաստ: