Հոդված 70
Հոդված 70
Արդարադատության իրականացման դեմ ուղղված հանցագործությունները
1. Դատարանն օժտված է իր կողմից իրականացվող արդարադատության դեմ ուղղված հետևյալ՝ դիտավորությամբ կատարված հանցագործությունների նկատմամբ իրավազորությամբ.
ա) 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ճշմարիտ ցուցմունք տալու պարտավորություն ստանձնելուց հետո կեղծ ցուցմունք տալը.
բ) ապացույց ներկայացնելը, որը կողմը գիտի, որ կեղծ է կամ նենգափոխված.
գ) վկայի վրա հակաիրավական ներգործությունը, վկայի ներկայությանը կամ նրա ցուցմունք տալուն արգելք կամ խոչընդոտ ստեղծելը, վկայի վրա ներգործությունը՝ որպես հատուցում նրա կողմից ցուցմունք տալուն, կամ ապացույցների ոչնչացումը, դրանց նենգափոխումը կամ դրանց հավաքմանը խոչընդոտելը.
դ) Դատարանի պաշտոնատար անձին իր պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելու կամ համոզելու նպատակով արգելքներ ստեղծելը, ահաբեկելը կամ նրա վրա անօրինական ներգործությունը.
ե) Դատարանի պաշտոնատար անձի վրա ներգործությունը՝ որպես հատուցում այդ կամ այլ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.
զ) որպես Դատարանի պաշտոնատար անձ՝ իր պաշտոնեական պարտականությունների կապակցությամբ կաշառքի համար միջնորդելը կամ կաշառք ստանալը:
2. Սույն հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ Դատարանի իրավազորության իրականացումը կարգավորող սկզբունքներն ու ընթացակարգերը Ընթացակարգի և ապացուցման կանոններում նախատեսված սկզբունքներն ու ընթացակարգերն են: Սույն հոդվածի համաձայն իրականացվող վարույթների կապակցությամբ Դատարանին տրամադրվող միջազգային համագործակցության պայմանները կարգավորվում են հարցվող պետության ներպետական օրենսդրությամբ:
3. Որևէ անձի մեղավոր ճանաչելու մասին որոշում կայացնելու դեպքում Դատարանը կարող է նշանակել ազատազրկման ձևով պատիժ 5 տարուց ոչ ավելի ժամկետով, կամ տուգանք՝ Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան, կամ երկուսը միաժամանակ:
4. ա) Յուրաքանչյուր մասնակից պետություն քննության անցկացման և դատական գործընթացների դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժներ նախատեսող իր քրեական օրենսդրությունը տարածում է սույն հոդվածում նշված՝ արդարադատության իրականացման դեմ ուղղված այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են իր տարածքում կամ իր քաղաքացիների կողմից:
բ) Դատարանի պահանջով, դրա կողմից անհրաժեշտ համարվելու դեպքում՝ ցանկացած ժամանակ, մասնակից պետությունը քրեական հետապնդման համար գործը հանձնում է դրա իրավասու մարմիններին: Այդ մարմինները հանգամանորեն քննության են առնում այդ գործերը և դրանց քննության արդյունավետ անցկացման նպատակով բավարար միջոցներ են տրամադրում: