Հոդված 72
Հոդված 72
Ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների պաշտպանությունը
1. Սույն հոդվածը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ տվյալ պետությանը պատկանող տեղեկությունների կամ փաստաթղթերի հրապարակումն այդ պետության կարծիքով կվնասի իր ազգային անվտանգության շահերին: Նման դեպքերի թվին են դասվում 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 61-րդ հոդվածի 3-րդ մասի, 64-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 6-րդ մասի, 87-րդ հոդվածի 6-րդ մասի և 93-րդ հոդվածի դրույթների շրջանակներում գտնվող դեպքերը, ինչպես նաև այն դեպքերը, որոնք առաջանում են վարույթների ցանկացած այլ փուլում, երբ կարող է նման հրապարակման հարց ծագել:
2. Սույն հոդվածը կիրառվում է նաև այն դեպքում, երբ անձը, որին դիմել են տեղեկություն կամ ապացույցներ ներկայացնելու պահանջով, մերժել է այն կամ տվյալ հարցը փոխանցել է պետությանը այն պատճառաբանությամբ, որ հրապարակումը կվնասի պետության ազգային անվտանգության շահերին, և շահագրգիռ պետությունը հաստատում է, որ իր կարծիքով այդ հրապարակումը կվնասի իր ազգային անվտանգության շահերին:
3. Սույն հոդվածում ամրագրված որևէ դրույթ չի կարող վնասել 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» և «զ» կետերի համաձայն գաղտնիության պահպանման պահանջները կամ 73-րդ հոդվածի կիրառումը:
4. Եթե որևէ պետության հայտնի է դառնում, որ իր տեղեկությունները կամ փաստաթղթերը հրապարակվում են կամ հավանաբար կհրապարակվեն վարույթների որևէ փուլում, և այն համարում է, որ այդ հրապարակումը կվտանգի իր ազգային անվտանգությունը, ապա այդ պետությունն իրավունք ունի միջամտելու, որպեսզի այդ հարցի լուծումն իրականացվի սույն հոդվածին համապատասխան:
5. Եթե որևէ պետության կարծիքով տեղեկությունների հրապարակումը կվնասի իր պետության ազգային անվտանգության շահերին, ապա այդ պետությունը, համագործակցելով Դատախազի, պաշտպանության կողմի կամ Մինչդատական վարույթի պալատի կամ Դատական պալատի հետ՝ կախված հանգամանքներից, ձեռնարկում է այդ հարցը համագործակցային միջոցներով լուծելու համար բոլոր ողջամիտ քայլերը: Այդ քայլերը կարող են ներառել`
ա) դիմումի փոփոխումը կամ ճշգրտումը,
բ) Դատարանի կողմից որոշման կայացումը՝ հարցվող տեղեկությունների կամ ապացույցների վերաբերելիության մասին, կամ այն մասին, թե կարող էին արդյոք այդ ապացույցները, չնայած գործին դրանց վերաբերելիությանը, ձեռք բերվել հարցվող պետությունից տարբեր՝ մեկ այլ աղբյուրից,
գ) տեղեկությունների կամ ապացույցների ձեռքբերումն այլ աղբյուրից կամ այլ ձևով, կամ
դ) համաձայնություն աջակցության տրամադրման պայմանների մասին, ներառյալ, ի թիվս այլնի, ընդհանրացված կամ համառոտ տեղեկությունների տրամադրումը, հրապարակման նկատմամբ սահմանափակումները, in camera (դռնփակ) կամ ex parte (առանց հակառակ կողմի մասնակցության ) վարույթների կիրառումը կամ սույն Կանոնադրության ու Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան թույլատրվող պաշտպանական մյուս միջոցները:
6. Եթե ձեռնարկվել են համագործակցային միջոցներով տվյալ հարցը կարգավորելու համար բոլոր ողջամիտ քայլերը, և պետությունը համարում է, որ գոյություն չունեն այնպիսի միջոցներ կամ պայմաններ, որոնք թույլ կտային տեղեկությունները կամ փաստաթղթերը ներկայացնել կամ հրապարակել առանց իր ազգային անվտանգության շահերին վնաս պատճառելու, ապա այն այդ մասին ծանուցում է Դատախազին կամ Դատարանին՝ նշելով իր որոշման կոնկրետ պատճառները, եթե միայն այդ պատճառների ճշգրիտ նկարագրությունն ինքնին չի հանգեցնի պետության ազգային անվտանգության շահերին նման վնաս պատճառելուն:
7. Այնուհետև, եթե Դատարանը որոշում է, որ այդ ապացույցները վերաբերելի են գործին և անհրաժեշտ են մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու համար, ապա կարող է ձեռնարկել հետևյալ գործողությունները.
ա) այն դեպքում, երբ տեղեկությունների կամ փաստաթղթերի հրապարակումը հայցվում է Մաս 9-ի համաձայն համագործակցության մասին դիմումին համապատասխան կամ 2-րդ մաում նշված հանգամանքների կապակցությամբ, և պետությունը 93-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան վկայակոչել է հրաժարվելու հիմքերը՝
i) Դատարանը կարող է նախքան 7-րդ մասի «ա» (ii) կետում նշված որևէ եզրակացություն կայացնելը՝ պետության պատճառաբանությունները լսելու նպատակով հետագա խորհրդակցություններ անցկացնելու պահանջ ներկայացնել, ինչը համապատասխան դեպքերում կարող է ներառել in camera և ex parte լսումներ,
ii) եթե Դատարանը եզրակացնում է, որ գործի տվյալ հանգամանքներում 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մերժման հիմքերը վկայակոչելով՝ հարցվող պետությունը չի գործում սույն Կանոնադրությամբ նախատեսված իր պարտավորություններին համապատասխան, ապա Դատարանը կարող է 87-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան տվյալ հարցը փոխանցել՝ նշելով իր եզրակացության պատճառները, և
iii) Դատարանը կարող է մեղադրյալի գործի դատաքննության ընթացքում որևէ փաստի գոյության կամ բացակայության առնչությամբ հանգել այնպիսի եզրակացության, ինչպիսին կարող է տվյալ հանգամանքներում պատշաճ լինել, կամ
բ) մնացած բոլոր հանգամանքներում՝
i) հրապարակելու մասին կարգադրություն տալ, կամ
ii) այնքանով, որքանով չի կարգադրել հրապարակել, մեղադրյալի գործի դատաքննության ընթացքում՝ այս կամ այն փաստի գոյության կամ բացակայության առնչությամբ հանգել այնպիսի եզրակացության, ինչպիսին կարող է տվյալ հանգամանքներում պատշաճ լինել: