Հոդված 8
Հոդված 8
Պատերազմական հանցագործություններ
1. Դատարանի իրավազորությունը պատերազմական հանցագործությունների վրա տարածվում է մասնավորապես այն դեպքում, երբ դրանք կատարվել են ծրագրի կամ քաղաքականության շրջանակներում կամ նման հանցագործությունների լայնածավալ իրականացման դեպքում:
2. Սույն Կանոնադրության նպատակներով՝ «պատերազմական հանցագործություններ» նշանակում է՝
ա) 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումներ, այն է` ժնևի համապատասխան կոնվենցիայի դրույթների համաձայն պաշտպանվող անձանց կամ սեփականության դեմ կատարված ներքոհիշյալ արարքներից ցանկացածը.
i) դիտավորյալ սպանությունը,
ii) խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը, ներառյալ՝ կենսաբանական փորձերը,
iii) դիտավորությամբ ծանր տառապանք պատճառելը կամ մարմնական լուրջ վնասվածք հասցնելը, կամ առողջությունը լրջորեն վնասելը,
iv) գույքի ապօրինի, անիմաստ և խոշորածավալ ոչնչացումն ու յուրացումը՝ չպայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ,
v) ռազմագերուն կամ պաշտպանությունից օգտվող այլ անձի՝ հակառակորդ պետության զինված ուժերում ծառայելուն հարկադրելը,
vi) ռազմագերուն կամ պաշտպանությունից օգտվող այլ անձի՝ արդար և բնականոն դատական քննության իրավունքից զրկելը,
vii) անօրինական բռնագաղթը կամ տեղափոխումը, կամ անօրինական ազատազրկումը,
viii) պատանդներ վերցնելը.
բ) միջազգային իրավունքի շրջանակներում գործող՝ միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների այլ լուրջ խախտումներ, այն է՝ հետևյալ արարքներից ցանկացածը.
i) դիտավորությամբ կատարված հարձակումները ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչության, որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձանց վրա,
ii) դիտավորությամբ կատարված հարձակումները քաղաքացիական, այսինքն՝ այնպիսի օբյեկտների վրա, որոնք ռազմական նպատակակետ չեն,
iii) դիտավորությամբ կատարված հարձակումները մարդասիրական օգնության աշխատանքներին ներգրավված անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների, կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն ներգրավված խաղաղապահ առաքելությունների վրա, քանի դեռ նրանք (դրանք), զինված ընդհարումների մասով միջազգային իրավունքի համաձայն, ունեն քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին տրամադրվող պաշտպանության իրավունք,
iv) դիտավորությամբ կատարված այնպիսի հարձակումը, երբ հարձակումն իրականացնողը հստակ գիտակցում է, որ այն կհանգեցնի քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ ավելորդ խեղումների, կամ կվնասի քաղաքացիական օբյեկտները, կամ լայնածավալ, տևական ու լուրջ վնաս կպատճառի շրջակա միջավայրին, ինչն ակնհայտորեն անհամաչափ կլինի կոնկրետ և անմիջականորեն ակնկալվող ռազմական ընդհանուր առավելությանը,
v) հարձակումն անպաշտպան և ռազմական նպատակակետ չհանդիսացող քաղաքների, գյուղերի, կացարանների կամ շինությունների վրա, կամ դրանց ռմբակոծությունը՝ անկախ դրանց կատարման միջոցներից,
vi) կոմբատանտի սպանությունը կամ նրան վիրավորելը, որը, զենքը վայր դնելով կամ պաշտպանության միջոցներ այլևս չունենալով, կամավոր հանձնվել է,
vii) բանագնացի դրոշի, հակառակորդի դրոշի կամ զինվորական տարբերանշանների և հակառակորդի կամ Միավորված ազգերի կազմակերպության համազգեստի, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանների ոչ պատշաճ օգտագործումը, ինչը հանգեցնում է անձի մահվան կամ նրան պատճառում ֆիզիկական լուրջ վնասվածք,
viii) բռնազավթող պետության կողմից սեփական քաղաքացիական բնակչության մի մասի ուղղակի կամ անուղղակի տեղափոխումը բռնազավթված տարածք կամ բռնազավթված տարածքի բնակչության կամ դրա մի մասի բռնագաղթեցումը կամ տեղափոխումն այդ տարածքի սահմանների ներսում կամ դրանից դուրս,
ix) դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, որտեղ կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն,
x) հակառակորդ կողմի իշխանության ներքո գտնվող անձանց ֆիզիկական խեղումը կամ նրանց բժշկական կամ գիտական տարաբնույթ փորձերի ենթարկելը, ինչը պայմանավորված չէ տվյալ անձի բժշկական, ատամնաբուժական ու հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ և իրականացվում է ոչ ի շահ նրա, և ինչը հանգեցնում է տվյալ անձի կամ անձանց մահվան կամ լրջորեն սպառնում է նրանց առողջությանը,
xi) հակառակորդ պետությանը կամ նրա բանակին պատկանող անձանց դավադրաբար սպանելը կամ վիրավորելը,
xii) հայտարարելը, որ գթություն չի լինի,
xiii) հակառակորդի գույքի ոչնչացումը կամ զավթումը՝ բացառությամբ, երբ նման ոչնչացումը կամ զավթումն անհետաձգելիորեն թելադրված է ռազմական անհրաժեշտությամբ,
xiv) դատարանում հակառակորդ կողմի քաղաքացիների իրավունքները և հայցերը չեղյալ, կասեցված կամ անընդունելի հայտարարելը,
xv) հակառակորդ կողմի քաղաքացիներին իրենց երկրի դեմ ուղղված ռազմական գործողություններին մասնակցելուն հարկադրելը, եթե նույնիսկ նախքան պատերազմը նրանք ծառայության մեջ են գտնվել պատերազմող կողմում,
xvi) քաղաքի կամ բնակավայրի կողոպուտը, նույնիսկ եթե այն վերցվել է գրոհով,
xvii) թույն կամ թունավոր զենք կիրառելը,
xviii) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազեր և համանման հեղուկներ, նյութեր կամ միջոցներ կիրառելը,
xix) մարդու մարմնում հեշտությամբ պայթող կամ տափակող գնդակներ օգտագործելը, ինչպիսիք են օրինակ՝ թաղանթավոր գնդակները, որոնց կարծր թաղանթն ամբողջությամբ չէ, որ ծածկում է միջուկը կամ ունի կտրտվածքներ,
xx) այնպիսի զենքեր, ռազմամթերք և տեխնիկա, ինչպես նաև պատերազմ վարելու այնպիսի մեթոդներ կիրառելը, որոնք առաջ են բերում չափազանց մեծ վնասվածքներ ու ավելորդ տառապանք, կամ որոնք իրենց էությամբ ընտրողական չեն՝ ի խախտումն զինված ընդհարումների մասով միջազգային իրավունքի, պայմանով, որ նման զենքերը, ռազմամթերքները, տեխնիկան և պատերազմ վարելու մեթոդները ենթակա են համընդհանուր արգելման և ներառված են սույն Կանոնադրության հավելվածում՝ 121-րդ և 123-րդ հոդվածների դրույթներին համապատասխան կատարված լրացումների միջոցով,
xxi) մարդկային արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես՝ վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
xxii) բռնաբարությունը, սեռական ստրկությունը, հարկադիր մարմնավաճառությունը, հարկադրական հղիությունը, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետում, հարկադրական ամլացումը կամ Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում հանդիսացող՝ սեռական բնույթի այլ բռնի գործողություններ,
xxiii) քաղաքացիական անձի կամ պաշտպանությունից օգտվող այլ անձի ներկայության օգտագործումը՝ որոշակի վայրեր, տարածքներ կամ զինված ուժեր ռազմական գործողություններից անձեռնմխելի դարձնելու համար,
xxiv) դիտավորությամբ կատարված հարձակումները շենքերի, նյութերի, բժշկական հաստատությունների և փոխադրամիջոցների, ինչպես նաև այն անձնակազմի վրա, որը միջազգային իրավունքին համապատասխան կրում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանները,
xxv) դիտավորությամբ քաղաքացիական անձանց սովի մատնելը` իբրև պատերազմ վարելու միջոց, նրանց զրկելով գոյատևելու համար անհրաժեշտ միջոցներից, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված օգնության տրամադրումը դիտավորությամբ խոչընդոտելը,
xxvi) մինչև տասնհինգ տարեկան երեխաներին ազգային զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը, կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը.
գ) միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների դեպքում՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաների համար ընդհանուր՝ 3-րդ հոդվածի լուրջ խախտումները, այն է` հետևյալ արարքներից ցանկացածը, որն իրականացվել է ռազմական գործողություններին գործուն մասնակցություն չցուցաբերած անձանց դեմ, ներառյալ՝ զինված ուժերի այն անդամները, որոնք վայր են դրել զենքը, ինչպես նաև նրանք, ովքեր շարքից դուրս են եկել հիվանդության, վիրավորվելու, արգելանքի վերցվելու կամ ցանկացած այլ պատճառով.
i) կյանքի և անձի անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես՝ բոլոր տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը և խոշտանգումները,
ii) անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես՝ վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը,
iii) պատանդ վերցնելը,
iv) դատավճիռ կայացնելը և այն ի կատար ածելը՝ առանց սահմանված կարգով ստեղծված դատարանի կողմից՝ համընդհանուր ճանաչված բոլոր դատական երաշխիքների պահպանմամբ իրականացված դատական քննության.
դ) 2-րդ մասի «գ» կետը կիրառվում է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների նկատմամբ և հետևաբար չի կիրառվում ներքին հուզումների և լարվածությունների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ զանգվածային անկարգությունները, բռնության առանձին և պատահական դեպքերը կամ նման բնույթի այլ արարքներ.
ե) միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների նկատմամբ կիրառելի՝ միջազգային իրավունքի շրջանակներում գործող օրենքների և սովորույթների այլ լուրջ խախտումներ, այն է՝ հետևյալ արարքներից ցանկացածը.
i) դիտավորությամբ կատարված հարձակումները քաղաքացիական բնակչության վրա, որպես այդպիսին, կամ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող առանձին քաղաքացիական անձանց վրա,
ii) դիտավորությամբ կատարված հարձակումները շենքերի, նյութերի, բժշկական հաստատությունների և փոխադրամիջոցների, ինչպես նաև այն անձնակազմի վրա, որը միջազգային իրավունքին համապատասխան կրում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված տարբերանշանները,
iii) դիտավորությամբ կատարված հարձակումները մարդասիրական օգնության աշխատանքներին ներգրավված անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների, կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն ներգրավված խաղաղապահ առաքելությունների վրա, քանի դեռ նրանք (դրանք), զինված ընդհարումների մասով միջազգային իրավունքի համաձայն, ունեն քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին տրամադրվող պաշտպանության իրավունք,
iv) դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, որտեղ կենտրոնացած են հիվանդներ և վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն,
v) քաղաքի կամ բնակավայրի կողոպուտը, եթե նույնիսկ այն վերցվել է գրոհով,
vi) բռնաբարությունը, սեքսուալ ստրկությունը, հարկադիր մարմնավաճառությունը , հարկադրական հղիությունը, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետում, հարկադրական ամլացումը և սեռական բնույթի այլ բռնի գործողություններ, որոնք նույնպես Ժնևի չորս կոնվենցիաների համար ընդհանուր՝ 3-րդ հոդվածի լուրջ խախտումներ են,
vii) մինչև տասնհինգ տարեկան երեխաներին զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը, կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը,
viii) ընդհարման հետ կապված պատճառներով քաղաքացիական բնակչության տեղահանման հրաման արձակելը, եթե դա չի պահանջվում համապատասխան քաղաքացիական բնակչության անվտանգության նկատառումներով կամ ռազմական բնույթի անհետաձգելի անհրաժեշտությամբ,
ix) հակառակորդի կոմբատանտին դավադրությամբ սպանելը կամ վիրավորելը,
x) հայտարարելը, որ գթություն չի լինի,
xi) հակառակորդ կողմի իշխանության ներքո գտնվող անձանց ֆիզիկական խեղումը կամ նրանց բժշկական կամ գիտական տարաբնույթ փորձերի ենթարկելը, ինչը պայմանավորված չէ տվյալ անձի բժշկական, ատամնաբուժական ու հիվանդանոցային բուժման անհրաժեշտությամբ և իրականացվում է ոչ ի շահ նրա, և ինչը հանգեցնում է տվյալ անձի կամ անձանց մահվան կամ լրջորեն սպառնում է նրանց առողջությանը,
xii) հակառակորդի գույքի ոչնչացումը կամ զավթումը՝ բացառությամբ, երբ նման ոչնչացումը կամ զավթումն անհետաձգելիորեն թելադրված է ռազմական անհրաժեշտությամբ.
զ) 2-րդ կետի «ե» ենթակետը կիրառվում է միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների նկատմամբ և հետևաբար չի կիրառվում ներքին հուզումների և լարվածությունների նկատմամբ, ինչպիսիք են օրինակ՝ զանգվածային անկարգությունները, բռնության առանձին և պատահական դեպքերը կամ նման բնույթի այլ արարքներ: Այն կիրառվում է պետության տարածքում տեղի ունեցող զինված ընդհարումների նկատմամբ այն դեպքում, երբ առկա է տևական զինված ընդհարում կառավարական ուժերի և կազմակերպված զինված խմբավորումների միջև կամ այդպիսի խմբավորումների միջև:
2. 2-րդ մասի «գ» և «ե» կետերում շարադրված որևէ դրույթ չի ազդում կառավարության՝ բոլոր իրավաչափ միջոցներով պետությունում օրենքն ու կարգը պահպանելու կամ վերականգնելու կամ պետության միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պատասխանատվության վրա: