Հոդված 84
Հոդված 84
Մեղադրական դատավճռի կամ նշանակված պատժի վերանայումը
1. Դատապարտյալը կամ նրա մահից հետո՝ ամուսինը, երեխաները, ծնողները կամ նրա մահվան պահին ողջ որևէ այլ անձ, որը նրանից ստացել է հստակ գրավոր ցուցում նման բողոք բերելու մասին, կամ Դատախազը տվյալ անձի անունից կարող է դիմել Վերաքննիչ պալատ՝ վերանայելու վերջնական մեղադրական դատավճիռը կամ դրանով նշանակված պատիժը՝ հետևյալ հիմքերով.
ա) ի հայտ են եկել նոր ապացույցներ, որոնք՝
i) դատաքննության ժամանակ հասանելի չեն եղել, և այդ ապացույցների հասանելի չլինելու համար պատասխանատվությունը չի կարող ամբողջովին կամ մասնակիորեն դրվել դիմում ներկայացրած կողմի վրա, և
ii) բավականաչափ կարևոր են, և եթե ներկայացվեին դատաքննության ընթացքում, ապա դա, հնարավոր է, կհանգեցներ այլ դատավճռի կայացման.
բ) ի հայտ են եկել նոր փաստեր ` առ այն, որ այն վճռորոշ ապացույցը, որը հաշվի է առնվել դատաքննության ընթացքում, և որի հիման վրա կայացվել է մեղադրական դատավճիռը, եղել է կեղծ, շինծու կամ նենգափոխված.
գ) մեղադրական դատավճռի կայացմանը կամ մեղադրանքի հաստատմանը մասնակցած դատավորը կամ դատավորները տվյալ գործի քննության ընթացքում կատարել են այնպիսի էական խախտումներ կամ իրենց պարտականությունների բավարար ծանրության լուրջ խախտումներ, որոնք հիմք կարող են ծառայել 46-րդ հոդվածի համաձայն այդ դատավորին կամ դատավորներին պաշտոնանկ անելու համար:
2. Վերաքննիչ պալատը մերժում է դիմումը, եթե համարում է, որ այն հիմնավոր չէ: Եթե Վերաքննիչ պալատը որոշում է, որ դիմումն ըստ էության հիմնավոր է, ապա անհրաժեշտության դեպքում կարող է՝
ա) վերստին կազմավորել սկզբնական Դատական պալատը.
բ) կազմավորել նոր Դատական պալատ կամ
գ) իրեն վերապահել գործը քննելու իրավազորությունը,
այն նպատակով, որ Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված կարգով կողմերին լսելուց հետո որոշում կայացնի դատավճիռը վերանայելու կամ չվերանայելու մասին: