Հոդված 89
Հոդված 89
Անձի փոխանցումը Դատարանին
1. Դատարանը կարող է անձին կալանավորելու և փոխանցելու մասին դիմումը և այդ դիմումը հիմնավորող նյութերը, որոնք նշված են 91-րդ հոդվածում, փոխանցել ցանկացած պետության, որի տարածքում կարող է հայտնաբերվել տվյալ անձը՝ խնդրելով այդ պետությանը համագործակցել տվյալ անձին կալանավորելու և փոխանցելու հարցում: Մասնակից պետությունները, սույն Մասի դրույթներին և իրենց ազգային իրավունքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան, կատարում են կալանավորելու և փոխանցելու մասին դիմումը:
2. Եթե փոխանցման ենթակա անձը 20-րդ հոդվածում նշված ne bis in idem սկզբունքի հիման վրա վիճարկում է փոխանցումը ներպետական դատարանում, ապա հարցվող պետությունն անհապաղ խորհրդակցում է Դատարանի հետ՝ պարզելու, թե կա արդյոք գործի ընդունելիության վերաբերյալ համապատասխան որոշում: Եթե գործի ընդունելիությունը ճանաչված է, ապա հարցվող պետությունն ընթացք է տալիս դիմումի կատարմանը: Եթե գործի ընդունելիության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, ապա հարցվող պետությունը կարող է անձին փոխանցելու վերաբերյալ դիմումի կատարումը հետաձգել մինչև Դատարանի կողմից ընդունելիության մասին որոշում կայացվելը:
3. ա) Մասնակից պետությունը, իր ազգային դատավարական իրավունքին համապատասխան, թույլատրում է այլ պետության կողմից Դատարանին փոխանցվող անձի տեղափոխումն իր տարածքով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պետության տարածքով տարանցիկ տեղափոխումը կարող է խոչընդոտել փոխանցումը կամ ձգձգել այն:
բ) Տարանցիկ տեղափոխման վերաբերյալ Դատարանի դիմումը ներկայացվում է 87-րդ հոդվածին համապատասխան: Տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումը բովանդակում է՝
i) տեղափոխվող անձի նկարագրությունը,
ii) գործով փաստերի համառոտ շարադրանքը և դրանց իրավական որակումը, և
iii) կալանավորման ու փոխանցման մասին որոշումը:
գ) Տեղափոխվող անձը տարանցիկ տեղափոխման ընթացքում պահվում է արգելանքի տակ:
դ) Եթե անձը տեղափոխվում է օդային տրանսպորտով, և տարանցիկ պետության տարածքում վայրէջք նախատեսված չէ, ապա որևէ թույլտվություն չի պահանջվում:
ե) Եթե տարանցիկ պետության տարածքում տեղի է ունենում չնախատեսված վայրէջք, ապա այդ պետությունը կարող է Դատարանից պահանջել ներկայացնել տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմում, ինչպես նախատեսված է «բ» կետում: Տարանցիկ պետությունը տեղափոխվող անձին կալանքի տակ է պահում մինչև տարանցիկ տեղափոխման վերաբերյալ դիմումն ստանալը և տարանցիկ տեղափոխումն իրականացնելը՝ պայմանով, որ սույն կետի նպատակներով կալանքը չի կարող գերազանցել 96 ժամը` սկսած չնախատեսված վայրէջքի պահից, եթե դիմումը չի ստացվել նշված ժամկետում:
4. Եթե փոխանցման ենթակա անձը քրեական հետապնդման է ենթարկվում կամ պատիժ է կրում հարցվող պետությունում ոչ այն հանցագործության համար, որի վերաբերյալ ներկայացվել է Դատարանին փոխանցելու մասին դիմումը, ապա հարցվող պետությունը դիմումը կատարելու մասին որոշում կայացնելուց հետո խորհրդակցում է Դատարանի հետ: