Հոդված 90
Հոդված 90
Զուգահեռ դիմումները
1. Եթե մասնակից պետությունը, որը 89-րդ հոդվածի համաձայն, Դատարանից ստանում է անձին փոխանցելու վերաբերյալ դիմում, նույն անձին հանձնելու վերաբերյալ դիմում է ստանում նաև որևէ այլ պետությունից՝ այն հանցանքի հիմքը կազմող միևնույն արարքի կապակցությամբ, որի համար ներկայացվել է Դատարանի դիմումը, ապա այդ մասնակից պետությունը տվյալ փաստի մասին տեղեկացնում է Դատարանին և տվյալ պետությանը:
2. Այն դեպքերում, երբ դիմում ներկայացրած պետությունը մասնակից պետություն է, հարցվող պետությունը նախապատվությունը տալիս է Դատարանի դիմումին, եթե՝
ա) Դատարանը, 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն, որոշում է կայացրել այն մասին, որ գործը, որի կապակցությամբ ինքը փոխանցում է հայցում, ընդունելի է, և այդ որոշման մեջ հաշվի է առնվել հանձնման դիմում ներկայացրած պետության կողմից այդ դիմումի կապակցությամբ կատարված քննությունը կամ քրեական հետապնդումը, կամ՝
բ) Դատարանը «ա» կետում նշված որոշումը կայացնում է հարցվող պետության՝ 1-ին մասին համապատասխան կատարած ծանուցման հիման վրա:
3. Եթե 2-րդ մասի «ա» կետի համաձայն որոշում չի կայացվել, ապա հարցվող պետությունը կարող է իր հայեցողությամբ, մինչև Դատարանի կողմից 2-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա որոշում ընդունելը քննության առնել անձին հանձնելու վերաբերյալ տվյալ պետության դիմումը, սակայն անձին չի հանձնում մինչև Դատարանի կողմից գործի ընդունելիության վերաբերյալ որոշման կայացումը: Դատարանի որոշումը կայացվում է արագացված կարգով:
4. Եթե դիմում ներկայացրած պետությունը սույն Կանոնադրության մասնակից չէ, ապա հարցվող պետությունը, այն դեպքում, երբ չունի դիմում ներկայացրած պետությանը անձին հանձնելու միջազգային պարտավորություն, նախապատվությունը տալիս է անձին փոխանցելու վերաբերյալ Դատարանի դիմումին, եթե Դատարանը որոշել է, որ գործն ընդունելի է:
5. Այն դեպքում, երբ Դատարանը 4-րդ մասի համաձայն գործի ընդունելիության վերաբերյալ որոշում չի կայացրել, հարցվող պետությունը կարող է իր հայեցողությամբ անցնել անձին հանձնելու վերաբերյալ տվյալ պետության դիմումի կատարմանը:
6. Այն դեպքերում, երբ կիրառվում է 4-րդ մասը, բացառությամբ, եթե հարցվող պետությունը սույն Կանոնադրությանը մասնակից չհանդիսացող՝ հանձնելու դիմում ներկայացրած պետության հանդեպ արդեն ստանձնել է անձին հանձնելու միջազգային պարտավորություն, հարցվող պետությունն է որոշում անձին փոխանցել Դատարանին, թե՝ հանձնել տվյալ պետությանը: Որոշում կայացնելիս հարցվող պետությունը քննության է առնում բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝ հետևյալը, սակայն չսահմանափակվելով նշվածով.
ա) դիմումները ներկայացնելու համապատասխան ամսաթվերը,
բ) դիմում ներկայացրած պետության շահերը, ներառյալ՝ համապատասխան դեպքերում այն հանգամանքը, թե արդյոք հանցագործությունը կատարվել է այդ պետության տարածքում, ինչպես նաև տուժողների և հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը, և
գ) Դատարանի և դիմում ներկայացրած պետության միջև հետագա փոխանցման հնարավորությունը:
7. Եթե մասնակից պետությունը, որը Դատարանից ստանում է անձին փոխանցելու մասին դիմում, նույն անձին հանձնելու վերաբերյալ դիմում է ստանում նաև որևէ պետությունից՝ Դատարանի դիմումի հիմքում ընկած հանցագործությունից տարբեր այլ արարքի համար, ապա՝
ա) հարցվող պետությունը, այն դեպքում, երբ դիմում ներկայացրած պետության հանդեպ չի ստանձնել անձին հանձնելու միջազգային պարտավորություն, նախապատվությունը տալիս է Դատարանի դիմումին.
բ) հարցվող պետությունը, այն դեպքում, երբ դիմում ներկայացրած պետության հանդեպ արդեն ստանձնել է անձին հանձնելու միջազգային պարտավորություն, ինքն է որոշում՝ անձին փոխանցել Դատարանին, թե՝ հանձնել տվյալ պետությանը։ Որոշում կայացնելիս հարցվող պետությունը քննության է առնում բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ՝ 6-րդ կետում նշվածները, սակայն չսահմանափակվելով դրանցով, ընդ որում, հատկապես հաշվի է առնում տվյալ արարքի բնույթն ու ծանրությունը:
8. Եթե սույն հոդվածով նախատեսված ծանուցման հիման վրա Դատարանը որոշում է կայացնում գործի անընդունելիության մասին, և հետագայում անձի հանձնման վերաբերյալ դիմում ներկայացրած պետությունը մերժում է ստանում, ապա հարցվող պետությունն իր այս որոշման մասին ծանուցում է Դատարանին: