Հոդված 92
Հոդված 92
Նախնական կալանք
1. Անհետաձգելի դեպքերում, նախքան փոխանցման վերաբերյալ դիմում և այդ դիմումը հիմնավորող՝ 91-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը, Դատարանը կարող է փոխանցման ենթակա անձին նախնական կալանքի վերցնելու մասին դիմում ներկայացնել:
2. Նախնական կալանքի վերցնելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել գրավոր հաղորդման փոխանցումն ապահովող ցանկացած միջոցով և պետք է բովանդակի՝
ա) փոխանցման ենթակա անձին նկարագրող տեղեկություններ, որոնք բավարար են անձին նույնականացնելու համար, և տեղեկություններ անձի գտնվելու հնարավոր վայրի մասին,
բ) այն հանցագործությունների համառոտ շարադրանքը, որոնց համար տվյալ անձին նախնական կալանքի վերցնելու դիմում է ներկայացվում, ինչպես նաև այն փաստերի համառոտ շարադրանքը, որոնք ենթադրաբար կազմում են այդ հանցագործությունները, ներառյալ՝ հնարավորության դեպքում հանցագործության կատարման ժամանակն ու վայրը,
գ) նշում այն մասին, որ առկա է փոխանցման ենթակա անձի վերաբերյալ կալանավորման մասին որոշում կամ մեղադրական դատավճիռ, և
դ) նշում այն մասին, որ անձին փոխանցելու վերաբերյալ դիմումը կներկայացվի ավելի ուշ:
3. Նախնական կալանքի վերցված անձը կարող է կալանքից ազատվել, եթե հարցվող պետությունն Ընթացակարգի և ապացուցման կանոններով սահմանված ժամկետում չի ստանում փոխանցման վերաբերյալ դիմումը և այն հիմնավորող՝ 91-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը: Սակայն անձը կարող է փոխանցմանը համաձայնել մինչև այդ ժամկետը լրանալը, եթե հարցվող պետության իրավունքով դա թույլատրվում է: Այդ դեպքում հարցվող պետությունը հնարավորինս արագ այդ անձին փոխանցում է Դատարանին:
4. Այն փաստը, որ փոխանցման ենթակա անձը 3-րդ մասին համապատասխան ազատ է արձակվել, չի կարող խոչընդոտել նրա հետագա կալանավորումն ու փոխանցումը, եթե ավելի ուշ ներկայացվեն փոխանցման վերաբերյալ դիմումը և այն հիմնավորող փաստաթղթերը: