Անցնել բովանդակությանը

Հոդված 93

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 93

Համագործակցության այլ ձևեր

1. Մասնակից պետությունները, սույն մասի դրույթների և իրենց ներպետական իրավունքով նախատեսված ընթացակարգերի համաձայն, կատարում են քննություն կամ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ Դատարանին հետևյալ աջակցությունը ցույց տալու մասին դիմումները.

ա) անձանց կամ առարկաների նույնականացում և գտնվելու վայրի պարզում,

բ) ապացույցների ձեռք բերում, ներառյալ՝ երդմամբ տրված ցուցմունքները, և ապացույցների հավաքում, ներառյալ՝ Դատարանին անհրաժեշտ՝ փորձագետների կարծիքներն ու փորձագիտական եզրակացությունները,

գ) ցանկացած անձի հարցաքննություն, որի նկատմամբ իրականացվում է քննություն կամ քրեական հետապնդում,

դ) փաստաթղթերի, ներառյալ՝ դատական փաստաթղթերի հանձնում,

ե) աջակցություն որպես վկա կամ փորձագետ անձանց՝ կամավոր Դատարան ներկայանալուն,

զ) անձանց ժամանակավոր փոխանցում, ինչպես նախատեսված է 7-րդ մասում,

է) տեղանքի կամ օբյեկտների զննման անցկացում, ներառյալ՝ արտաշիրմումը և գերեզմանի զննումը,

ը) խուզարկությունների կատարում և առգրավում,

թ) արձանագրությունների և փաստաթղթերի, ներառյալ՝ պաշտոնական արձանագրությունների և փաստաթղթերի տրամադրում,

ժ) տուժողների ու վկաների պաշտպանություն և ապացույցների պահպանում,

ժա) ձեռք բերված միջոցների, գույքի և ակտիվների, ինչպես նաև հանցագործության գործիքների նույնականացում, հայտնաբերում և սառեցում կամ առգրավում՝ հետագա բռնագրավման նպատակով, առանց bona fide երրորդ կողմի իրավունքները խախտելու, և

ժբ) հարցվող պետության իրավունքով չարգելված՝ աջակցության ցանկացած այլ տեսակ՝ ուղղված Դատարանին ընդդատյա հանցագործությունների առնչությամբ քննությունների և քրեական հետապնդումների իրականացմանն աջակցելուն:

2. Դատարանը լիազորված է երաշխավորելու, որ Դատարան ներկայացած վկաներն ու փորձագետներն իր կողմից չեն հետապնդվի, չեն կալանավորվի կամ չեն ենթարկվի անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն գործողությունների կամ անգործության համար, որոնք նրանք կատարել են մինչև հարցվող պետության տարածքից մեկնելը:

3. Եթե 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված աջակցության շրջանակներում որևէ կոնկրետ միջոցի իրականացումը հարցվող պետությունում արգելվում է ընդհանուր կիրառման իրավունքի գոյություն ունեցող հիմնարար սկզբունքի հիման վրա, ապա հարցվող պետությունը հարցը լուծելու նպատակով անհապաղ խորհրդակցում է Դատարանի հետ: Այդ խորհրդակցության ընթացքում անհրաժեշտ է քննարկել աջակցությունն այլ միջոցներով տրամադրելու հնարավորությունը կամ տրամադրման պայմանները: Եթե խորհրդակցության արդյունքում հարցը լուծում չի ստանում, ապա Դատարանը դիմումում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ:

4. 72-րդ հոդվածին համապատասխան՝ մասնակից պետությունը կարող է աջակցության վերաբերյալ դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն մերժել միայն այն դեպքում, երբ դա վերաբերում է այնպիսի փաստաթղթերի ներկայացմանը կամ ապացույցների բացահայտմանը, որոնք առնչվում են իր ազգային անվտանգությանը:

5. Նախքան 1-ին մասի 1-ին կետով նախատեսված աջակցության վերաբերյալ դիմումը մերժելը, հարցվող պետությունը պարզում է՝ կարող է արդյոք աջակցությունը տրամադրվել կոնկրետ նշված պայմաններով, կամ ավելի ուշ կամ որևէ այլ կերպ՝ պայմանով, որ եթե Դատարանը կամ Դատախազն աջակցությունն ընդունում են որոշակի պայմաններով, ապա վերջիններս պետք է ապահովեն այդ պայմանները:

6. Եթե աջակցության վերաբերյալ դիմումը մերժվում է, ապա հարցվող մասնակից պետությունն այդ մերժման պատճառների մասին անհապաղ տեղեկացնում է Դատարանին կամ Դատախազին:

7. ա) Դատարանը կարող է արգելանքի տակ գտնվող անձի ժամանակավոր փոխանցման վերաբերյալ դիմում ներկայացնել՝ նույնականացման կամ ցուցմունք վերցնելու կամ այլ աջակցության նպատակով: Անձը Դատարանին կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանմամբ.

i) անձը փոխանցման վերաբերյալ իր գիտակցված համաձայնությունն արտահայտում է ազատորեն, և

ii) հարցվող պետությունը փոխանցմանը համաձայնում է այն պայմաններով, որոնց շուրջ այդ պետությունը և Դատարանը գալիս են համաձայնության:

բ) Փոխանցվող անձը մնում է արգելանքի տակ: Փոխանցման նպատակների իրականացումից հետո Դատարանն առանց ձգձգումների տվյալ անձին վերադարձնում է հարցվող պետությանը:

8. ա) Դատարանն ապահովում է փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացահայտումը պահանջվում է ներկայացված դիմումում նշված քննության և վարույթների համար:

բ) Հարցվող պետությունն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթերն ու տեղեկությունները Դատախազին տրամադրել գաղտնիության պայմանով: Այդ դեպքում Դատախազը դրանք կարող է օգտագործել միայն նոր ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

գ) Հարցվող պետությունը կարող է իր հայեցողությամբ կամ Դատախազի պահանջով հետագայում համաձայնություն տալ այդ փաստաթղթերն ու տեղեկությունները բացահայտելուն: Այդ դեպքում դրանք կարող են օգտագործվել որպես ապացույց՝ Մաս 5-ի և 6-ի դրույթների համաձայն ու Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:

9. ա) i) Այն դեպքում, երբ մասնակից պետությունը Դատարանից և այլ պետությունից, միջազգային որևէ պարտավորությանը համապատասխան, ստանում է փոխանցման կամ հանձնման մասին դիմումներից տարբեր՝ այլ զուգահեռ դիմումներ, ապա այդ մասնակից պետությունը, Դատարանի և այդ պետության հետ խորհրդակցելով, միջոցներ է ձեռնարկում երկու դիմումները բավարարելու համար՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով այս կամ այն դիմումի կատարումը կամ այն կատարելով որոշակի պայմանով:

ii) Նշվածը չպահպանելու դեպքում զուգահեռ դիմումները բավարարվում են 90-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխան:

բ) Սակայն, եթե Դատարանի դիմումը վերաբերում է այնպիսի տեղեկության, գույքի կամ անձանց, որոնք համաձայն որևէ միջազգային համաձայնագրի, գտնվում են երրորդ պետության կամ միջազգային կազմակերպության վերահսկողության ներքո, ապա հարցվող պետությունն այդ մասին տեղեկացնում է Դատարանին, և Դատարանն իր դիմումը ներկայացնում է այդ երրորդ պետությանը կամ միջազգային կազմակերպությանը:

10. ա) Դատարանը դիմումի հիման վրա կարող է համագործակցել և աջակցություն տրամադրել այն մասնակից պետությանը, որը քննություն կամ դատաքննություն է իրականացնում այն արարքի կապակցությամբ, որը համարվում է Դատարանին ընդդատյա հանցագործություն կամ այդ պետության իրավունքի համաձայն համարվում է ծանր հանցագործություն:

բ) i) «ա» կետին համապատասխան տրամադրվող աջակցությունը ներառում է, inter alia՝

ա) Դատարանի կողմից իրականացված քննության կամ դատաքննության ընթացքում ձեռք բերված հայտարարությունների, փաստաթղթերի կամ այլ ապացույցների փոխանցումը, և

բ) Դատարանի կարգադրությամբ կալանավորված ցանկացած անձի հարցաքննությունը.

ii) «բ» կետի (i) ենթակետի (ա) պարբերության համաձայն աջակցություն տրամադրելու դեպքում՝

ա) եթե փաստաթղթերը կամ մյուս ապացույցներն ստացվել են որևէ պետության աջակցությամբ, ապա դրանց փոխանցումը կատարվում է այդ պետության համաձայնությամբ,

բ) եթե հայտարարությունները, փաստաթղթերը կամ մյուս ապացույցները տրամադրվել են վկաների կամ փորձագետների կողմից, ապա դրանց փոխանցումը կատարվում է 68-րդ հոդվածի դրույթների համաձայն:

գ) Դատարանը, սույն կետով սահմանված պայմաններին համապատասխան, կարող է բավարարել այն պետության կողմից ներկայացված՝ աջակցության վերաբերյալ դիմումը, որը սույն Կանոնադրության մասնակից չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։