Հոդված 143. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 143. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեղադրյալի յուրաքանչյուր հարցաքննության մասին քննիչը արձանագրություն է կազմում` պահպանելով սույն օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջները: Բացի դրանից, հարցաքննության արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անձնավորությանը վերաբերող տվյալները, այդ թվում` նրա ծննդյան ժամանակն ու վայրը, քաղաքացիությունը, ազգությունը, կրթությունը, կուսակցականությունը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքի տեսակը կամ պաշտոնը, բնակության վայրը, նախկին դատվածությունը, ինչպես նաև մեղադրյալի վերաբերյալ ուրիշ այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ կլինեն ըստ գործի հանգամանքների:
Մեղադրյալի ցուցմունքները արձանագրության մեջ են մտցվում առաջին դեմքով և, ըստ հնարավորին, բառացիորեն. անհրաժեշտության դեպքում գրվում են մեղադրյալին տրված հարցերը և նրա տված պատասխանները:
Հարցաքննությունն ավարտվելուց հետո կարդալու համար արձանագրությունը տրվում է մեղադրյալին կամ մեղադրյալի խնդրանքով նրա համար այն կարդում է քննիչը, որի մասին նշվում է արձանագրության մեջ:
Արձանագրությունը կարդալուց հետո մեղադրյալը հաստատում է իր ցուցմունքների գրառման ճշտությունը, որի մասին նշվում է արձանագրության մեջ մեղադրյալի ստորագրությունից առաջ: Եթե արձանագրությունը գրված է մի քանի էջի վրա, մեղադրյալը ստորագրում է յուրաքանչյուր էջն առանձին: