Հոդված 187. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 187. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Նախաքննությունը կասեցվում է`
1) այն դեպքում, երբ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ երբ այլ պատճառներով չի պարզված նրա գտնվելու վայրը.
2) այն դեպքում, երբ մեղադրյալը հիվանդացել է հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որը բացառում է նրա ներկայանալու հնարավորությունը քննիչին կամ դատարանին, որպիսի հանգամանքը պետք է հաստատվի համապատասխան բժշկական հիմնարկում ծառայության մեջ գտնվող բժշկի կողմից.
3) այն դեպքում, երբ պարզված չէ, թե ում պետք է քրեական պատասխանատվության կանչել:
Այդ հանգամանքներից թեկուզև մեկի առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում գործի վարույթը կասեցնելու մասին:
Այս հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում նախաքննությունը կասեցվում է միայն դրա կատարման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո. 2-րդ կետով նախատեսված դեպքերում գործի վարույթը կարող է կասեցվել նաև մինչև նախաքննության ժամկետը լրանալը:
Մինչև գործի կասեցումը քննիչը պարտավոր է կատարել այն բոլոր քննչական գործողությունները, որոնց կատարումը հնարավոր է մեղադրյալի բացակայությամբ, ձեռնարկել բոլոր միջոցները հայտաբերելու թաքնված մեղադրյալին, ինչպես նաև հայտաբերելու այն անձին, որը պետք է քրեական պատասխանատվության կանչվի:
Եթե գործով պատասխանատվության են կանչված երկու կամ մի քանի մեղադրյալներ, իսկ կասեցման հիմքը վերաբերում է ոչ բոլոր մեղադրյալներին, քննիչն իրավունք ունի գործը անջատելու և այն կասեցնելու առանձին մեղադրյալների նկատմամբ: