Հոդված 208. ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ
Հոդված 208. ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՈՒՄԸ
Ավարտելով նախաքննությունը, քննիչը կայացնում է որոշում`
1) գործի վարույթը կարճելու մասին` սույն օրենսգրքի 202 հոդվածով նախատեսված դեպքերում կամ այն դեպքում, երբ անձը ըստ իր կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և ըստ իր հոգեկան վիճակի հասարակության համար վտանգավորություն չի ներկայացնում.
2) գործը դատարան ուղարկելու մասին` հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար հիմքերը պարզելու դեպքում:
Գործը դատարան ուղարկելու մասին որոշման մեջ պետք է շարադրված լինեն գործի` նախաքննությամբ հաստատված բոլոր հանգամանքները և դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հիմքերը:
Որոշումը գործի հետ միասին ուղարկվում է դատախազին, որը որոշման հետ համաձայնվելու դեպքում գործն ուղարկում է դատարան, իսկ չհամաձայնվելու դեպքում` վերադարձնում է լրացուցիչ քննություն կատարելու համար:
Բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման հիմքերի բացակայության դեպքում դատախազը կարճում է գործը:
Երբ գործը կարճվում է հաշվի առնելով, որ անձը ըստ իր կատարած հանրորեն վտանգավոր արարքի բնույթի և ըստ իր հոգեկան վիճակի հասարակության համար վտանգավորություն չի ներկայացնում, բայց նա հոգեկան հիվանդ է, քննիչը կամ դատախազը այդ մասին հայտնում են առողջապահության տեղական մարմիններին:
(22.05.74 խմբագրությամբ)