Հոդված 357. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ և ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 357. ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ և ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Դատարանի դատավճիռը և որոշումը կատարման հանձնելու պարտականությունը դրվում է դատավճիռ կայացրած դատարանի վրա: Դատավորը կամ դատարանի նախագահը դատավճիռը կատարելու մասին կարգադրությունը, դատավճռի պատճենի հետ միասին, ուղարկում է այն մարմնին, որի վրա դրված է դատավճիռն ի կատար ածելու պարտականությունը: Վճռաբեկության կամ հսկողության կարգով գործը քննելիս դատավճռի փոփոխման դեպքում դատավճռի պատճենին կցվում են վճռաբեկ կամ հսկողության ատյանի որոշման պատճենը:
Դատավճիռը ի կատար ածող մարմինները դատավճիռ կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան պետք է դատավճիռ կայացրած դատարանին հայտնի դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի մասին:
Դատավճիռ կայացրած դատարանը պարտավոր է հետևել, որպեսզի դատավճիռը և որոշումը ի կատար ածվեն:
Այն դատարանը, որը սույն օրենսգրքի 296 հոդվածով նախատեսված դեպքերում հասարակական կազմակերպություններին, աշխատավորական կոլեկտիվներին կամ առանձին անձանց հանձնարարել է պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողությունը, նրա վերադաստիարակումն ու ուղղումը, պարտավոր է նրանց ուղարկել դատավճռի պատճենը:
Այն դատավճիռը, որով հայտարարված է հասարակական պարսավանք, օրինական ուժի մեջ մտնելուց հետո ուղարկվում է դատապարտյալի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի` աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովում հրապարակելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում, դատարանի հայեցողությամբ` մամուլի, ռադիոյի կամ այլ միջոցով հայտնվում է ի գիտություն հասարակայնությանը:
Դատավճռի դաստիարակչական ներգործությունը բարձրացնելու նպատակով դատավճռի պատճենը, այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատավճիռ կայացրած դատարանը անհրաժեշտ դեպքերում ուղարկում է դատապարտյալի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրը:
Անչափահասին ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտելու վերաբերյալ դատավճռի պատճենն ուղարկվում է անչափահասների գործերի համապատասխան հանձնաժողովին` նրա վարքի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
Դատավճիռ կայացրած դատարանը յոթնօրյա ժամկետում շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարիատին հաղորդում է դատապարտված զորակոչիկի վերաբերյալ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու մասին:
(25.07.84 խմբագրությամբ)