Հոդված 71. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 71. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Իրեղեն ապացույցները պետք է մանրամասն նկարագրվեն զննության արձանագրությունների մեջ, ըստ հնարավորության լուսանկարվեն և հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ դատարանի հատուկ որոշմամբ կցվեն գործին: Իրեղեն ապացույցները պետք է պահվեն քրեական գործի հետ:
Եթե այս կամ այն առարկաները իրենց մեծածավալության կամ այլ պատճառներով չեն կարող պահվել քրեական գործի հետ, դրանք պետք է լուսանկարվեն, իսկ անհրաժեշտ դեպքերում` կնքվեն ու պահվեն հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, դատարանի ցույց տված տեղում, որի մասին գործին պետք է կցվի համապատասխան տեղեկանք:
Գործը հետաքննության մարմնից քննիչին կամ հետաքննության մի մարմնից, կամ մի քննիչից մյուսին հանձնելիս, ինչպես նաև գործը դատախազին և դատարան ուղարկելիս, կամ գործը մի դատարանից մյուսին հանձնելիս, իրեղեն ապացույցներն ուղարկվում են գործի հետ միասին, բացառությամբ այս հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
Իրեղեն ապացույցները պահվում են մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ գործի կարճման մասին որոշումը գանգատարկելու ժամկետն անցնելը: Այն դեպքերում, երբ իրերի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճը ենթակա է լուծման հայցային կարգով, իրեղեն ապացույցները պահվում են մինչև տվյալ գործի վերաբերմամբ քաղաքացիական դատավարության կարգով կայացված վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Առանձին դեպքերում իրեղեն ապացույցները կարող են վերադարձվել իրենց տերերին նաև մինչև այս հոդվածի չորրորդ մասում մատնանշված ժամկետներն անցնելը, եթե այդ հնարավոր է առանց վնասելու հետաքննությանը, նախաքննությանը կամ դատական քննությանը:
Արագ փչացող իրեղեն ապացույցները, եթե դրանք չեն կարող տիրոջը վերադարձվել, հանձնվում են համապատասխան հիմնարկներին` դրանք ըստ իրենց նպատակի օգտագործելու համար: Անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձվում են տիրոջը միևնույն տեսակի և որակի առարկաներով կամ վճարվում է դրանց արժեքը` վերադարձման պահին գոյություն ունեցող պետական գներով: