Հոդված 199. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 199. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն օրենսգրքի 195-198 հոդվածներում մատնանշված գործողությունների կատարումից հետո քննիչը, եթե չի փոխել իր հետևությունն այն մասին, որ մեղադրյալին դատի տալու հիմքերը բավարար են, կազմում է մեղադրական եզրակացություն:
Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական և եզրափակիչ մասերից:
Մեղադրական եզրակացության սկզբում նշվում են մեղադրյալի ազգանունը, անունն ու հայրանունը, իսկ մի քանի մեղադրյալներ լինելու դեպքում` մեղադրյալներից յուրաքանչյուրի ազգանունը, անունն ու հայրանունը և այն քրեական օրենքը, որով մեղադրվում է նրանցից յուրաքանչյուրը:
Նկարագրական մասում շարադրվում է հանցագործության դեպքը այնպես, ինչպես այն պարզվել է նախաքննությամբ, ցույց է տրվում մեղադրյալներից յուրաքանչյուրի կատարած հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը, շարժառիթները և հետևանքները, ինչպես նաև այն ապացույցները, որոնք հաստատում են ինչպես բուն հանցագործության դեպքը, այնպես էլ քննիչի հետևությունները մեղադրյալներից յուրաքանչյուրի հանցավորության մասին:
Նկարագրական մասում շարադրվում են նաև յուրաքանչյուր մեղադրյալի բացատրությունները ըստ նրան առաջադրված մեղադրանքի էության, իրենց պաշտպանության համար նրանց բերած փաստարկները, և այն ապացույցները, որոնցով հերքվում են այդ փաստարկները: Եթե գործում մեղադրյալի մեղքը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ կան, քննիչը պարտավոր է այդ մասին նշել մեղադրական եզրակացության մեջ:
Մեղադրական եզրակացության մեջ ապացույցների վրա հենվելիս անպայման մատնանշվում են գործի համապատասխան թերթերը:
Եզրափակիչ մասում բերվում են յուրաքանչյուր մեղադրյալի անձնավորությանը վերաբերող տեղեկությունները, համառոտակի շարադրվում են առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրի էությունը, ցույց տալով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի հոդվածը (հոդվածները):
Մեղադրական եզրակացությունն ավարտվում է մեղադրական եզրակացությունը կազմելու տեղի ու ժամանակի, ինչպես նաև տվյալ գործի ընդդատության նշումով:
Մեղադրական եզրակացությունը ստորագրում է այն կազմող քննիչը: