Հոդված 241. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Հոդված 241. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ
Քրեական գործերի դատավարությանը թույլատրվում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների մասնակցությունը:
Դատարանը իր որոշմամբ կարող է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին թույլատրել մասնակցելու քրեական գործերի դատաքննությանը որպես հասարակական մեղադրողներ կամ հասարակական պաշտպաններ: Նրանք առաջադրվում են հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովի կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության աշխատավորական կոլեկտիվի, ինչպես նաև արտադրամասի, բաժնի կամ այլ ստորաբաժանման կոլեկտիվի կողմից, որոնք գրավոր ձևով հաստատում են նրանց լիազորությունները:
Հասարակական մեղադրողը իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, դատարանի առաջ միջնորդություններ հարուցելու և բացարկներ հայտնելու, մասնակցելու դատական վիճաբանություններին` շարադրելով դատարանին մեղադրանքը ապացուցված լինելու, ամբաստանյալի և նրա կատարած արարքի հանրորեն վտանգավորության մասին կարծիք: Հասարակական մեղադրողը կարող է նկատառումներ արտահայտել ամբաստանյալի նկատմամբ քրեական օրենքի և պատժաչափի կիրառման առթիվ և գործի այլ հարցերի վերաբերյալ: Հասարակական մեղադրողը իրավունք ունի հրաժարվելու մեղադրանքից, եթե դատաքննության տվյալները դրա համար հիմքեր են տալիս:
Հասարակական պաշտպանը իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը. դատարանի առաջ միջնորդություններ հարուցելու և բացարկներ հայտնելու, մասնակցելու դատական վիճաբանություններին` շարադրելով դատարանին ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ նրան արդարացնող հանգամանքների, ինչպես նաև ամբաստանյալի պատիժը մեղմացնելու, նրան պայմանականորեն դատապարտելու, դատավճռի կատարումը հետաձգելու կամ պատժից ազատելու և այն հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը հանձնելու հնարավորության մասին կարծիք, որոնց անունից հանդես է գալիս հասարակական պաշտպանը:
Անչափահասների գործերով դատաքննությանը դատարանն իրավունք ունի մասնակից դարձնելու այն ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնցում սովորել կամ աշխատել է անչափահասը, անչափահասների գործերի հանձնաժողովների ու տեսչությունների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
(25.07.84 խմբագրությամբ)