Հոդված 161. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 161. ԱՌԳՐԱՎՈՒՄ և ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Չի թույլատրվում առգրավում ու խուզարկություն կատարել գիշեր ժամանակ, բացի անհետաձգելի դեպքերից: Ձեռնամուխ լինելով առգրավմանը կամ խուզարկությանը, քննիչը պարտավոր է այդ մասին ներկայացնել որոշում:
Որոշումը ներկայացնելուց հետո առգրավում կատարելիս քննիչը առաջարկում է հանձնել գրավման ենթակա առարկաները կամ փաստաթղթերը, իսկ այդ առաջարկը մերժվելու դեպքում նա առգրավումը կատարում է հարկադիր կարգով:
Որոշումը ներկայացնելուց հետո խուզարկություն կատարելիս քննիչը առաջարկում է հանձնել հանցագործության գործիքները, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները ու արժեքները, ինչպես նաև մյուս այն առարկաները կամ փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար: Եթե դրանք հանձնվում են կամովին և հիմքեր չկան երկյուղ կրելու, թե որոնվող առարկաներն ու փաստաթղթերը կթաքցվեն, քննիչն իրավունք ունի սահմանափակվել հանձնվածի գրավումով և այլևս որոնումներ չկատարել:
Խուզարկություն և առգրավում կատարելիս քննիչն իրավունք ունի բացելու փակված շենքերն ու պահեստարանները, եթե դրանց տերը հրաժարվում է կամովին բացելու դրանք, ընդ որում քննիչը պետք է խուսափի փականքները, դռները և այլ առարկաներ առանց անհրաժեշտության վնասելուց:
Քննիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի չհրապարակվեն խուզարկության և առգրավման ժամանակ հայտաբերված այն հանգամանքները, որոնք վերաբերում են տվյալ շենքը զբաղեցնող անձի կամ այլ անձանց ինտիմ կյանքին:
Քննիչն իրավունք ունի խուզարկության կատարման ենթակա շենքում կամ վայրում գտնվող անձանց, ինչպես նաև այդ շենքը կամ այդ վայրը եկող անձանց արգելելու հեռանալ այդտեղից, ինչպես նաև հաղորդակցություն ունենալու միմյանց կամ այլ անձանց հետ` մինչև խուզարկությունն ավարտվելը: