Հոդված 305. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԸ
Հոդված 305. ԴԱՏԱՎՃՌԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ-ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԸ
Մեղադրական դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասը պետք է բովանդակի այն հանցավոր արարքի նկարագրությունը, որը ապացուցված է ճանաչվել, նշելով հանցագործության կատարման վայրը, ժամանակը, եղանակը, մեղքի բնույթը, հանցագործության շարժառիթները և հետևանքները. այն ապացույցները, որոնց վրա հիմնվում են դատարանի եզրակացությունները և այն շարժառիթները, որոնցով դատարանը հերքել է մյուս ապացույցները. նշումներ պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների մասին. մեղադրանքի մի մասը հիմնավորված չհամարելու դեպքում` դրա հիմքերը. մեղադրանքի փոփոխման շարժառիթները, եթե այդպիսի փոփոխություն կատարվել է դատարանում:
Դատարանը պարտավոր է նաև պատճառաբանել ազատազրկման ձևով պատժի նշանակումը, եթե քրեական օրենքի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկման հետ կապ չունեցող այլ պատիժներ. ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելը. պայմանական դատապարտություն կիրառելը. դատապարտյալին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտություն կիրառելը. տվյալ հանցագործության համար քրեական օրենքով նախատեսված պատժի նվազագույն չափից ցածր պատիժ նշանակելը, ավելի մեղմ այլ պատժի անցնելը. դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով պատիժ նշանակելը. ուղղիչ աշխատանքային գաղութի կամ դաստիարակչական-աշխատանքային գաղութի տեսակ նշանակելը, շեղվելով ընդհանուր կանոններից. դատավճռի կատարումը հետաձգելու հետ կապված հարցեր լուծելը:
Եթե գործով կան մեկից ավելի ամբաստանյալներ, թվարկված նշումները պետք է անել ամբաստանյալներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին:
Արդարացման դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են այն մեղադրանքի էությունը, որով դատի է տրվել մեղադրյալը, գործի այն հանգամանքները, որ պարզել է դատարանը, բերվում են ամբաստանյալի արդարացման հիմնավորումները, նշելով այն շարժառիթները, որոնք բացատրում են, թե դատարանը ինչու է մերժում մեղադրանքը հիմնավորող ապացույցները: Չի թույլատրվում արդարացման դատավճռի մեջ մտցնել այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածանքի տակ են դնում արդարացվածի անմեղությունը:
Մեղադրական և արդարացման դատավճիռների նկարագրական-պատճառաբանական մասը պետք է բովանդակի այն շարժառիթները, որոնք հիմնավորում են դատարանի որոշումը քաղաքացիական հայցի կամ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման մասին:
(29.05.64, 29.12.69, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)