Հոդված 87. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 87. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Քննչական գործողություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում է հետաքննություն կատարող անձի կամ քննիչի կողմից` քննչական գործողության ընթացքում կամ այն ավարտվելուց անմիջապես հետո:
Արձանագրության մեջ ցույց է տրվում` քննչական գործողությունը կատարելու վայրը և թվականը, այդ գործողությունն սկսելու և ավարտելու ժամանակը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, քննչական գործողությանը մասնակցող ամեն մի անձի ազգանունը, անունը և հայրանունը, իսկ անհրաժեշտ դեպքերում` նաև նրա հասցեն. քննչական գործողության բովանդակությունը և գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնաբերվել են քննչական գործողությունը կատարելիս: Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ ու դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է ցույց տրվեն նաև համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները և ստացված արդյունքները: Բացի այդ, արձանագրության մեջ պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել քննչական գործողության կատարման մասնակցող անձինք:
Արձանագրությունն ընթերցվում է քննչական գործողության կատարմանը մասնակցող բոլոր անձանց համար, ընդ որում պետք է նրանց պարզաբանվի արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը:
Արձանագրությունն ստորագրում են հետաքննություն կատարող անձը կամ քննիչը, հարցաքննված անձը, թարգմանը, մասնագետը, ընթերակաները և այլ անձինք, եթե նրանք մասնակցել են քննչական գործողության կատարմանը:
Արձանագրությանը կցվում են այն լուսանկարչական նեգատիվներն ու լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրառումները, հատակագծերը, սխեմաները, հետքերի դրոշմվածքներն ու ընդօրինակումները, որ արվել են քննչական գործողությունները կատարելիս:
(26.04.68 խմբագրությամբ)