Հոդված 299. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 299. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Դատարանի դատավճիռը կարող է լինել մեղադրական կամ արդարացման: Մեղադրական դատավճիռը և արդարացման դատավճիռը պետք է պատճառաբանված լինեն դատարանի կողմից:
Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցագործությունը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Դատարանը, առանց պատիժ նշանակելու, մեղադրական դատավճիռ է կայացնում, եթե գործը դատարանում քննելու պահին արարքը կորցրել է իր հասարակական վտանգավորությունը, կամ այն կատարող անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:
Դատարանը դատապարտյալին պատժից ազատելով` մեղադրական դատավճիռ է կայացնում սույն օրենսգրքի 5 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված դեպքերում:
Արդարացման դատավճիռ է կայացվում այն դեպքերում, եթե չի հաստատված հանցագործության դեպքը, եթե ամբաստանյալի արարքի մեջ չկա հանցակազմ, ինչպես նաև, եթե չի ապացուցված ամբաստանյալի մասնակցությունը հանցագործության կատարմանը:
Եթե հանցագործության կատարմանը ամբաստանյալի մասնակցությունը չապացուցվելու պատճառով արդարացման դատավճիռ կայացվելիս անհայտ է մնում այդ հանցագործությունը կատարած անձը, ապա դատարանը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, գործն ուղարկում է դատախազին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի պարզելու համար, թե ով պետք է որպես մեղադրյալ պատասխանատվության կանչվի:
(29.05.64 խմբագրությամբ)