Հոդված 306. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ
Հոդված 306. ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ
Մեղադրական դատավճռի եզրափակիչ մասում պետք է ցույց տրվեն`
1) մեղավոր ճանաչված ամբաստանյալի անունը, հայրանունը և ազգանունը.
2) այն քրեական օրենքը, որով մեղավոր է ճանաչվել ամբաստանյալը.
3) ապացուցված յուրաքանչյուր հանցագործության համար ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի տեսակն ու չափը, պատժի վերջնական չափը, որը կրելու ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 37-39 հոդվածներին համապատասխան, և այն ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի տեսակը, որտեղ ազատազրկման դատապարտվածը պետք է կրի պատիժը. փորձաշրջանի տևողությունը, որ հասարակական կազմակերպությանը, աշխատավորական կոլեկտիվին կամ անձին է հանձնվում պայմանականորեն դատապարտվածը` վերադաստիարակման և ուղղման համար.
4) նախնական կալանքի ժամանակի հաշվակցման հարցի լուծումը, եթե ամբաստանյալը մինչև դատավճիռ կայացնելը գտնվել է կալանքի տակ.
5) ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցի լուծումը մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
6) դատապարտյալի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգելու տևողությունը. նրա վրա դրված պարտականությունները. այն աշխատավորական կոլեկտիվը կամ անձը, որոնց վրա դրվում է դատապարտյալին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականությունը:
Ամբաստանյալին առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչելու դեպքում այդ մասին նշվում է դատավճռի եզրափակիչ մասում:
Եթե ամբաստանյալին մեղադրանք է առաջադրված մի քանի հանցագործություններ կատարելու համար և դրանցից մի քանիսը համարվել են չապացուցված, ապա դատավճռում պետք է ճշգրիտ կերպով ցույց տրվի, թե ամբաստանյալը որ մեղադրանքում է արդարացված և որի համար է դատապարտված:
Ամբաստանյալին կալանքից ազատելու դեպքում այդ մասին նշվում է դատավճռի եզրափակիչ մասում:
Պատիժը բոլոր դեպքերում պետք է այնպես նշանակվի, որ դատավճիռը կատարելիս ոչ մի կասկած չառաջանա դատարանի նշանակած պատժի տեսակի և չափի մասին:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 33 հոդվածով նախատեսված դեպքերում դատավճռի եզրափակիչ մասում շարադրվում է դատարանի` դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան պետական մարմիններին միջնորդագիր ներկայացնելու որոշումը` ամբաստանյալին շքանշանից, մեդալից կամ պատվավոր, զինվորական և այլ կոչումից զրկելու մասին:
(29.05.64, 29.12.69, 28.04.77, 25.07.84 խմբագրությամբ)