Հոդված 318. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 318. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Դատարանը, ապացուցված համարելով, որ տվյալ անձը քրեական օրենքով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, կամ որ այդ անձը հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է խրոնիկական հոգեկան այնպիսի հիվանդությամբ, որը նրան զրկում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 11 հոդվածի համաձայն որոշում է կայացնում այդ անձին, համապատասխանորեն` քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու և նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց` մատնանշելով հատկապես ինչպիսի միջոց, կիրառելու մասին, կամ գործը կարճելու և այդպիսի միջոցներ չկիրառելու մասին այն դեպքերում, երբ անձը իր կատարած արարքի բնույթով և հիվանդագին վիճակով վտանգ չի ներկայացնում հասարակության համար և հարկադրական բուժման կարիք չունի: Այդ դեպքերում հիվանդի մասին դատարանը հաղորդում է առողջապահության մարմիններին:
Գտնելով, որ հաստատված չէ այն անձի անմեղսունակությունը, որի գործը քննվում է, կամ որ հանցագործություն կատարող անձի հիվանդությունը չի վերացնում նրա նկատմամբ պատժամիջոցի կիրառումը, դատարանը իր որոշմամբ գործը վերադարձնում է լրացուցիչ քննություն կատարելու և ընդհանուր կարգով գործին հետագա ընթացք տալու համար:
Այն դեպքում, երբ դատարանը գտնի, որ հանրորեն վտանգավոր արարքի կատարման մեջ տվյալ անձի մասնակցությունն ապացուցված չէ, ինչպես նաև սույն օրենսգրքի 5 հոդվածով նախատեսված հանգամանքները պարզելու դեպքում, դատարանը որոշում է գործը կարճել իր պարզած հիմունքով, անկախ անձի հիվանդության առկայությունից և դրա բնույթից, այդ մասին հաղորդելով առողջապահության մարմիններին:
Դատարանի որոշման մեջ լուծվում են նաև այն հարցերը, որոնք մատնանշված են սույն օրենսգրքի 308 հոդվածում: