Հոդված 367. ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 367. ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52 հոդվածում նշված ժամկետները լրանալուց առաջ դատվածությունը վերացնելու հարցը քննության է առնում պատիժը կրած անձի բնակության վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատավորը` հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52 հոդվածի 8-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո` պատիժը կրած անձի դիմումի հիման վրա, կամ հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ:
Ստացված միջնորդության և նրա քննարկման օրվա մասին հաղորդվում է դատախազին: Դատական նիստին դատախազի չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի քննությանը:
Դատարանում պարտադիր է այն անձի ներկայությունը, որի դատվածությունը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվում է: Այն դեպքում, երբ դատվածության վերացման մասին միջնորդությունը հարուցել է հասարակական կազմակերպությունը, պարտադիր է նաև այդ կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը:
Դատվածության վերացման մասին միջնորդությունը դատավորը քննարկում է դռնբաց դատական նիստում պահանջելով դատավճռի պատճենը, ինչպես նաև պատիժը կրած անձի անձնավորությունը, աշխատանքային գործունեությունը և վարքը բնութագրող մյուս փաստաթղթերը:
Դատվածության վերացման վերաբերյալ միջնորդության քննարկումն սկսվում է նախագահողի զեկուցումով, որից հետո դատավորը ծանոթանում է եղած փաստաթղթերին, լսում է կանչված անձանց, հասարակական կազմակերպության ներկայացուցչին և դատախազի եզրակացությունը: Դատարանը պարզում է այն անձի ուղղված լինելու մասին վկայող տվյալները, որի նկատմամբ միջնորդություն է հարուցվել դատվածությունը վերացնելու համար:
Դատվածությունը վերացնելու կամ դատվածության վերացումը մերժելու վերաբերյալ դատավորի պատճառաբանված որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում և հրապարակվում է դատական նիստում:
Որոշման պատճենը դատավորը հանձնում է այն անձին, որի նկատմամբ լուծվել է դատվածությունը վերացնելու հարցը, և ուղարկում է միջնորդություն հարուցող հասարակական կազմակերպությանը:
Դատավորի որոշումը վերջնական է և վճռաբեկության կարգով գանգատարկման ու բողոքարկման ենթակա չէ, բայց դատախազի կողմից կարող է բողոքարկվել հսկողության կարգով:
Դատվածության վերացումը դատավորի կողմից մերժվելու դեպքում այդ մասին վերստին միջնորդություն կարող է հարուցվել ոչ շուտ, քան մերժման որոշումը կայացվելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո:
(29.05.64, 25.07.84, 01.07.94 խմբագրությամբ)