Հոդված 386. ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 386. ՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սույն օրենսգրքի 385 հոդվածում թվարկված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննության մարմինները ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում պարզում են կատարված հանցագործության հանգամանքները և իրավախախտողի անձը, բացատրություններ են վերցնում իրավախախտողից, ականատեսներից և այլ անձանցից, պահանջում են տեղեկանք իրավախախտողի դատվածության առկայության կամ բացակայության մասին, բնութագիր նրա աշխատանքի կամ ուսման վայրից և դատարանում գործի քննության համար նշանակություն ունեցող այլ նյութեր:
Իրավախախտողից պարտավորություն է վերցվում ներկայանալ հետաքննության մարմինների և դատարանի կանչով և նրանց հայտնել բնակության վայրի փոփոխման մասին:
Կատարված հանցագործության հանգամանքների մասին կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են` այն կազմելու ժամանակը և տեղը. ով է կազմել արձանագրությունը, տվյալներ իրավախախտողի անձի մասին. հանցագործության կատարման տեղն ու ժամանակը, եղանակները, շարժառիթները, հետևանքները և այլ էական հանգամանքներ. հանցագործության առկայությունը և իրավախախտողի մեղքը հաստատող փաստական տվյալներ. հանցանքի որակումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածով: Արձանագրությանը կցվում են բոլոր նյութերը, ինչպես նաև դատակոչի ենթակա անձանց ցուցակը:
Հետաքննության մարմնի պետը, ուսումնասիրելով արձանագրությունը և դրան կցված նյութերը, քննում է իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու հնարավորության հարցը:
Իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառումը հնարավոր համարելով, հետաքննության մարմնի պետը, դատախազի համաձայնությամբ, սույն օրենսգրքի 5.1 հոդվածին համապատասխան, նյութերը հանձնում է ընկերական դատարանի կամ անչափահասների գործերի հանձնաժողովի քննությանը, կամ իրավախախտողին հանձնում է աշխատավորական կոլեկտիվի կամ հասարակական կազմակերպության երաշխավորությունը` վերադաստիարակելու և ուղղելու:
Իրավախախտողի նկատմամբ հասարակական ներգործության միջոցների կիրառումը անհնար համարելով, հետաքննության մարմնի պետը հաստատում է արձանագրությունը, որից հետո բոլոր նյութերը ներկայացվում են իրավախախտողին` ծանոթանալու համար, որի մասին համապատասխան նշում է արվում իրավախախտողի ստորագրությամբ հաստատված արձանագրության մեջ: Արձանագրությունը նյութերի հետ միասին դատախազի սանկցիայով ուղարկվում է դատարան:
(27.02.85 խմբագրությամբ)