Հոդված 5.7. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ
Հոդված 5.7. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ ԱՆՁԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ
Դատարանը, դատախազը, ինչպես նաև քննիչը և հետաքննական մարմինը` դատախազի համաձայնությամբ, իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48 հոդվածում մատնանշված հիմքերով կարճելու քրեական գործը և հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած անձին վերադաստիարակելու և ուղղելու համար հանձնելու այն կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի երաշխավորությանը, որը միջնորդություն է հարուցել:
Չի թույլատրվում երաշխավորության հանձնել և այդ հիմքերով գործը կարճել այն անձի նկատմամբ, որը նախկինում դատապարտված է եղել դիտավորյալ հանցագործության համար կամ արդեն հանձնված է եղել երաշխավորության:
Եթե անձը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, իրեն մեղավոր չի ճանաչում կամ ինչ-որ պատճառներով պնդում է, որպեսզի գործը քննվի դատարանում` գործի կարճում և անձին երաշխավորության հանձնել չի թույլատրվում:
Գործի կարճման մասին տեղյակ են պահվում տուժողը և նրա ներկայացուցիչը, որոնք իրավունք ունեն հինգ օրվա ընթացքում գանգատարկելու դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննական մարմնի որոշումը համապատասխանորեն վերադաս դատարանին կամ վերադաս դատախազին:
Եթե երաշխավորության վերցված անձը մեկ տարվա ընթացքում չի արդարացրել կոլեկտիվի վստահությունը, խախտել է ուղղվելու մասին իր խոստումը և չի ենթարկվում համակեցության կանոններին կամ թողել է աշխատանքը` հասարակական ներգործությունից խուսափելու նպատակով, ապա նրան երաշխավորության վերցրած հասարակական կազմակերպությունը կամ աշխատավորական կոլեկտիվը որոշում է ընդունում երաշխավորությունից հրաժարվելու մասին և այդ որոշումն դատարանին կամ դատախազին` անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար: Այս դեպքում քրեական գործը կարող է նորոգվել դատարանի տնօրինական նիստի կամ դատախազի որոշմամբ:
(22.05.74, 28.04.77, 25.07.84, 15.06.94թ. խմբագրությամբ)