Հոդված 127
Հոդված 127
Ներկալվածների տեղափոխումը մշտապես կկատարվի մարդասիրաբար: Որպես կանոն, այն կիրականացվի երկաթուղագծով կամ տրանսպորտի այլ տեսակներով և այնպիսի պայմաններում, որոնք առնվազն հավասար են այն պայմաններին, որոնցում կատարվում է այն տերության զորքերի փոխադրումը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե, որպես բացառություն, տեղափոխումները պետք է կատարվեն ոտքով, ապա դրանք կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա թույլ է տալիս ներկալվածների ֆիզիկական վիճակը, և ոչ մի դեպքում դրանք չպետք է նրանց մոտ չափից ավելի հոգնածություն առաջացնեն:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պետք է տեղափոխման ժամանակ ներկալվածներին մատակարարի բավարար քանակի և լավ որակի խմելու ջուր և բազմազան սնունդ` նրանց առողջությունը լավ վիճակում պահպանելու համար, ինչպես նաև նրանց տրամադրի հագուստ, պատշաճ ապաստան և բժշկական անհրաժեշտ օգնություն: Այդ տերությունը կձեռնարկի նախազգուշական բոլոր միջոցները տեղափոխման ժամանակ նրանց անվտանգության ապահովման համար և ուղարկելուց առաջ կկազմի տեղափոխվող ներկալվածների լրիվ ցուցակը:
Հիվանդ և վիրավոր ներկալվածները կամ հաշմանդամ ներկալվածները, ինչպես նաև ծննդաբեր կանայք չեն տեղափոխվի այն դեպքում, եթե անցումը կարող է վնաս հասցնել նրանց առողջական վիճակին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխություն հրամայաբար պահանջում է նրանց անվտանգությունը:
Ներկալման որևէ վայրին ռազմաճակատի գիծը մոտենալիս, այնտեղ գտնվող ներկալվածները կարող են տեղափոխվել միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում կամ, եթե մնալով իրենց տեղում, նրանք ենթարկվում են մեծ վտանգի, քան եթե տեղափոխվեն:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալվածներին տեղափոխելու մասին որոշում կայացնելիս պետք է ուշադրության առնի նրանց շահերը և, մասնավորապես, չպետք է անի որևէ այնպիսի բան, որ կարող էր բարդացնել նրանց հայրենադարձությունը կամ վերադարձն իրենց մշտական բնակության վայրը: