Հոդված 71
Հոդված 71
Օկուպացրած տերության իրավասու դատական մարմինները չեն կարող կայացնել ոչ մի դատավճիռ առանց գործի քննության` սահմանված դատավարական կարգով:
Յուրաքանչյուր անձի, որի դեմ օկուպացրած տերության կողմից մեղադրանք կհարուցվի, պետք է առանց ձգձգվելու տեղյակ պահվի այդ մասին գրավոր, նրա համար հասկանալի լեզվով, նրա դեմ մեղադրանքների մանրամասն շարադրմամբ, և նրա գործը պետք է հետաքննվի հնարավոր ամենայն արագությամբ: Հովանավոր տերությանը պետք է հայտնվի հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցվող ամեն մի այնպիսի հետաքննության մասին, որը վերաբերում է մահվան դատավճիռ կամ երկու և ավելի տարի բանտարկություն առաջացնող հանցագործությունների, հովանավոր տերությունը կարող է ամեն ժամանակ տեղեկանալ նման ցանկացած դատական գործի վիճակի մասին: Դրանից բացի, հովանավոր տերությունն իրավունք կունենա, իր խնդրանքով, ստանալու տեղեկություններ այդպիսի դատական գործերի և հովանավորվող անձանց դեմ օկուպացրած տերության կողմից հարուցված ցանկացած հետապնդման վերաբերյալ:
Սույն հոդվածի երկրորդ պարբերության մեջ նախատեսվող ծանուցումը հովանավոր տերությանը պետք է ուղարկվի անմիջապես և, համենայն դեպս, հովանավոր տերությունը այն պետք է ստանա գործի առաջին ունկնդրումը լսելուց երեք շաբաթ առաջ: Դատական գործը չի կարող լսվել, եթե դատական նիստի սկզբում չի ներկայացվել ապացույց այն մասին, որ սույն հոդվածի դրույթները կատարվել են լրիվ: Այդ ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ տվյալները.
a/ տվյալներ մեղադրյալի անձի մասին,
b/ ներկալման կամ կալանման վայրը,
c/ մեղադրանքի կամ մեղադրանքների մանրամասն շարադրանքը (ցույց տալով քրեական պատասխանատվություն նախատեսող այն որոշումները, որոնց վրա է հիմնվում մեղադրանքը):
d/ այն դատարանի անվանումը, որը լսելու է գործը,
e/ գործի առաջին ունկնդրման տեղն ու ժամանակը: