Հոդված 85
Հոդված 85
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և հնարավոր միջոցներն այն բանի համար, որպեսզի հովանավորվող անձինք նրանց ներկալման հենց սկզբից տեղավորվեն այնպիսի շենքերում և այլ կացարաններում, որոնք հիգիենայի և առողջության պահպանման առումով տալիս են լրիվ երաշխիք և բավարար պաշտպանություն են ապահովում կլիմայական խիստ պայմաններից, ինչպես նաև պատերազմի գործողություններից: Ոչ մի դեպքում ներկալման մշտական վայրերը չպետք է գտնվեն վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքներում, որոնց կլիման կործանարար է ներկալվածների համար: Այն դեպքերում, երբ հովանավորվող անձինք ժամանակավորապես են ներկալվել վատառողջ տեղանքում կամ այնպիսի տեղանքում, որի կլիման կործանարար է նրանց առողջության համար, հարկ է, հենց որ թույլ կտան հանգամանքները, նրանց տեղափոխել ներկալման առավել նպաստավոր վայր:
Շենքերը պետք է լրիվ պաշտպանված լինեն խոնավությունից, բավարար չափով ջեռուցվեն և լուսավորվեն, հատկապես մութն ընկնելու և լույսն անջատելու սահմանված ժամի միջև ընկած ժամանակաշրջանում: Շենքերի ննջասենյակները պետք է լինեն բավականին ընդարձակ և լավ օդափոխելի, և ներկալվածները պետք է ունենան անկողնային պատշաճ պիտույքներ և բավարար քանակի վերմակներ, ընդսմին, հարկավոր է հաշվի առնել կլիման, ներկալվածների տարիքը, սեռը և առողջական վիճակը:
Ներկալվածները գիշեր-ցերեկ կունենան հիգիենայի կանոններին համապատասխան և մշտապես մաքուր վիճակում պահվող սանիտարական պարագաներ: Նրանք կստանան բավարար քանակությամբ ջուր և օճառ ամենօրյա արդուզարդի համար և իրենց սպիտակեղենը լվանալու համար, այդ նպատակի համար նրանց պետք է տրամադրվեն անհրաժեշտ պարագաներ և հնարավորություններ: Դրանից բացի, նրանց համար պետք է կահավորվեն ցնցուղներ և բաղնիքներ: Նրանց պետք է տրամադրվի ժամանակ, որն անհրաժեշտ է հիգիենայի կանոնների պահպանման համար և հավաքել-մաքրելու աշխատանքի համար:
Այն դեպքերում, երբ բացառության կարգով որպես ժամանակավոր միջոցառում անհրաժեշտ է տեղավորել որևէ ընտանիքի անդամ չհանդիսացող ներկալված կանանց ներկալման այն տեղում, ինչպես որ տղամարդկանց, պարտադիր կարգով այդպիսի ներկալված կանանց համար պետք է տրամադրվեն առանձին ննջասենյակներ և սանիտարական պարագաներ: