Հոդված 98
Հոդված 98
Բոլոր ներկալվածներին կանոնավոր կերպով կկատարվեն վճարումներ սննդամթերք և այնպիսի ապրանքներ գնելու համար, ինչպես, օրինակ, ծխախոտն է, արդուզարդի պիտույքները և այլն: Այդ վճարումները կկատարվեն վարկի կամ գնման կտրոնների տեսքով:
Դրանից բացի, ներկալվածները կարող են ստանալ նպաստներ այն տերությունից, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, հովանավոր տերությունից, ամեն տեսակի այն կազմակերպություններից, որոնք կարող են նրանց օգնություն ցույց տալ, կամ իրենց ընտանիքներից, ինչպես նաև եկամուտ իրենց գույքից` այն տերության օրենսդրության համապատասխան, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Այն տերության կողմից ուղարկվող նպաստների չափը, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում, պետք է հավասար լինի ներկալվածների յուրաքանչյուր կատեգորիայի համար (հաշմանդամներ, հիվանդներ, հղի կանայք և այլն), և այդ տերության կողմից սահմանված նպաստների չափը որոշելիս, ինչպես նաև այն տերության կողմից նպաստները բաշխելիս, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, չպետք է թույլ տրվի խտրականություն, որն արգելվում է սույն Կոնվենցիայի 27 հոդվածով:
Յուրաքանչյուր ներկալվածի համար տերությունը, որի իշխանության տակ է գտնվում նա, պետք է բացի անձնական հաշիվ: Որպես այդ հաշվի վարկ պետք է գրանցվեն սույն հոդվածում նշված վճարումները, ներկալվածի աշխատավարձը, ինչպես նաև նրան հասցեագրված դրամական փոխանցումները: Նրա հաշվին պետք է գրանցվեն նաև նրա մոտից վերցված գումարները, որոնք նա կարող է տնօրինել այն տարածքում գործող օրենսդրության համապատասխան, որտեղ գտնվում են ներկալվածները: Ներկալվածներին կտրամադրվեն իրենց ընտանիքներին և իրենցից նյութապես կախում ունեցող անձանց դրամական օգնություն ուղարկելու այն տարածքում գործող օրենսդրության հետ համատեղվող բոլոր հնարավորությունները, որտեղ գտնվում են ներկալվածները: Ցանկացած ժամանակ նրանց կտրամադրվեն իրենց հաշիվների հետ ծանոթանալու և դրանցից քաղվածք ստանալու նորմալ հնարավորություններ: Այդ հաշիվների վիճակը հաղորդվում է հովանավոր տերությանը` վերջինիս խնդրանքով, իսկ ներկալված անձին տեղափոխելու դեպքում հաշիվը հետևում է նրան: