Հոդված 101. Կանոններ սահմանելու կամ որոշում ընդունելու կարգադրությունը
Հոդված 101. Կանոններ սահմանելու կամ որոշում ընդունելու կարգադրությունը
1. Հանձնաժողովն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կարգադրել ինքնակարգավորվող կազմակերպությանը որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել` նշելով նման որոշման (կարգադրության) հիմքերը, եթե պարզի, որ`
ա) ինքնակարգավորվող կազմակերպությունը հնարավորություն չունի կարգավորել կամ չի կարգավորում անդամների կողմից իրականացվող գործունեությունը.
բ) ինքնակարգավորվող կազմակերպությունը հնարավորություն չունի կամ չի վերահսկում իր անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, դրան համապատասխան ընդունված որոշումներին (նորմատիվ իրավական ակտերին) կամ ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին.
գ) ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ չի հետապնդում դրանք խախտած անձանց.
դ) նման կանոնները կամ գործողությունները անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար:
2. Հանձնաժողովի սույն հոդվածի համաձայն կայացված որոշմամբ տրված կարգադրությունը դրանում սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի ինքնուրույն ընդունել նման կանոններ, որոշումներ կամ ինքնուրույն ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:
Հանձնաժողովի նման կարգով ընդունված կանոնը կամ որոշումը (այլ գործողությունը) պարտադիր է ինքնակարգավորվող կազմակերպության և դրա անդամների համար, իսկ այն չկատարելու դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, ինքնակարգավորվող կազմակերպության առանձին անդամների զրկել անդամությունից, կասեցնել կամ դադարեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը: