Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 98. Ինքնակարգավորվող կազմակերպությունը գրանցելը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 98. Ինքնակարգավորվող կազմակերպությունը գրանցելը

1. Գրանցման դիմումը բավարարված է համարվում այն ներկայացնելու 45-րդ օրը, եթե Հանձնաժողովն այն չի բավարարում մինչև այդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: Դիմումը բավարարելուց առաջ Հանձնաժողովը սույն օրենքի 100 հոդվածին համապատասխան գրանցում է կազմակերպության կանոնները:

Եթե մինչև դիմումը բավարարելու օրը դրանում որևէ լրացում (դրան կից որևէ լրացուցիչ փաստաթուղթ) է ներկայացվում Հանձնաժողով, ապա դիմումը ներկայացված է համարվում տվյալ լրացումը ներկայացնելու օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն ներկայացվում է Հանձնաժողովի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, որը տրվել է մինչև դիմումը բավարարելու օրը:

Հանձնաժողովը պարտավոր է կազմակերպությանը գրանցման վկայական տրամադրել դիմումը բավարարելու օրվանից` 3 օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովը դիմումը ներկայացնելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է դիմումը ներկայացնելու մասին հայտարարություն հրապարակել և շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել ներկայացնելու դիմումի վերաբերյալ գրավոր առաջարկություններ, դիտողություններ և փաստարկներ:

3. Հանձնաժողովը, մինչև դիմումը բավարարելու օրը նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կարգադրություն է արձակում, որով մերժում է դիմումի բավարարումը` նշելով դրա հիմքերը, եթե`

ա) դիմումում պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ոչ լիարժեք են, կամ դրանցում էական փաստ է խեղաթյուրվել (բաց թողնվել),

բ) առկա է սույն օրենքին կամ դրան համապատասխան ընդունված այլ որոշումներին (նորմատիվ իրավական ակտերին) էական որևէ անհամապատասխանություն կամ դրանցով սահմանված մերժման որևէ այլ հիմք, կամ

գ) գրանցման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 99 հոդվածով սահմանված հիմքերով տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը դադարել է (բացառությամբ կամավոր դադարեցման դեպքի):

4. Դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում, համապատասխան լրացում ներկայացնել Հանձնաժողով` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։