Հոդված 31. Թողարկողի հաշվետվությունները
Հոդված 31. Թողարկողի հաշվետվությունները
1. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող պարտավոր է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով և կարգով վերջինիս ներկայացնել`
ա) Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այնպիսի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի III գլխով նախատեսված գրանցման հայտարարագրերում ներառվող տեղեկությունների կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև սույն օրենքի II գլխով նախատեսված գրանցման հայտարարագրում (եթե կիրառելի է տվյալ թողարկողի նկատմամբ) ներառվող տեղեկությունների և դրան կից ներկայացվող փաստաթղթերի արդիականությունը պահպանելու համար.
բ) տարեկան ֆինանսական հաշվետվությունները (անկախ աուդիտորի եզրակացությամբ) և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
2. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող, որի արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում սույն օրենքի III գլխին համապատասխան, պարտավոր է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունների, փաստաթղթերի և հաշվետվությունների պատճենները ներկայացնել ֆոնդային բորսա:
3. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր հաշվետու թողարկող պարտավոր է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով և կարգով տրամադրել այն արժեթղթերի գրանցված սեփականատերերին կամ անվանատերերին, որոնք ենթակա են գրանցման սույն օրենքի III գլխի համաձայն:
4. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող, որի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցման ենթակա արժեթղթերն ունեն 500 և ավելի գրանցված սեփականատերեր, կարող է բավարարել սույն հոդվածի 3-րդ կետի պահանջները` տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները, հրապարակելով Հանձնաժողովի կողմից սահմանված ձևով և կարգով:
Հանձնաժողովը, ելնելով ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, կարող է իր որոշմամբ սահմանված կարգով հաշվետու թողարկողների որոշակի խմբից պահանջել տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները հրապարակելուց բացի դրանք 3-րդ կետի համաձայն տրամադրել այդ արժեթղթերի գրանցված սեփականատերերին:
5. Թողարկողների որոշակի խմբի համար սույն հոդվածով սահմանված տեղեկությունների, փաստաթղթերի և հաշվետվությունների անկիրառելիության դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի դրանց փոխարեն պահանջել համարժեք այլ տեղեկություններ, փաստաթղթեր և հաշվետվություններ, որոնք կիրառելի են տվյալ թողարկողի կամ թողարկողների տվյալ խմբի համար: