Հոդված 34. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրումը
Հոդված 34. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրումը
1. Յուրաքանչյուր անձ, որը մեկ կամ ավելի գործարքների հետևանքով դառնում է տվյալ թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր, պարտավոր է նշանակալից սեփականատեր դառնալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, պատվիրված նամակով թողարկողին և այն ֆոնդային բորսային, որտեղ վաճառվում են տվյալ արժեթղթերը (վերջիններիս գտնվելու վայրի հասցեով), ուղարկել և Հանձնաժողով ներկայացնել սույն օրենքի 36 հոդվածի պահանջներին համապատասխանող հայտարարագիր:
Հայտարարագրում ներառված տեղեկությունների էական փոփոխության դեպքում անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 10 օրվա ընթացքում հայտարարագրում լրացում ներկայացնել թողարկողին, ֆոնդային բորսա և Հանձնաժողով` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի կիրառվում`
ա) ցանկացած ձեռքբերման կամ ձեռքբերման առաջարկի նկատմամբ, որը կատարվել է սույն օրենքի II գլխով նախատեսված գրանցման հայտարարագրի հիման վրա.
բ) սեփականության իրավունքով արժեթղթի ցանկացած ձեռքբերման նկատմամբ, որը դրան նախորդող 12 ամսվա ընթացքում նույն անձի կողմից տվյալ թողարկողի նույն դասի արժեթղթերի բոլոր ձեռքբերումների հետ չի գերազանցում տվյալ դասի արժեթղթերի 2 տոկոսը:
3. Թողարկողի արժեթուղթը ձեռք բերելու, տիրապետելու կամ օտարելու նպատակով համատեղ գործելու համաձայնությամբ (գրավոր կամ բանավոր) հանդես եկող անձինք սույն հոդվածի նպատակների համար համարվում են մեկ անձ, և նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած նույն դասի արժեթղթերը միավորվում են` դրանց տոկոսային հարաբերությունը տվյալ դասի բոլոր արժեթղթերում որոշելու համար: