Հոդված 82. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը
Հոդված 82. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը
1. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը պետք է ներառի դրույթ` հաճախորդի կողմից այն միակողմանիորեն լուծելու իրավունքի մասին` կառավարչին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, կառավարիչը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Հանձնաժողովն իրավունք ունի ներդրողների պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանել նման պայմանագրերին ներկայացվող պարտադիր այլ պահանջներ, որոնց ներառումը պայմանագրում կառավարչի պարտականությունն է:
2. Կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր հաճախորդի հանձնարարականները և իրականացնել պայմանագրով իրեն հանձնարարված արժեթղթերի սեփականատիրոջ իրավունքները` ելնելով հաճախորդի շահերից (ֆիդուցիար պարտականություն): Իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում կառավարիչը պարտավոր է պարզել ներդրումային ռիսկերը կրելու իր հաճախորդի ցանկության և կարողության աստիճանը` հիմք ընդունելով վերջինիս կողմից տրամադրված տեղեկություններն ու հայտարարությունները:
Առանց հաճախորդի գրավոր համաձայնության կառավարիչն իրավունք չունի այլ անձանց փոխանցել (պատվիրակել) պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումը:
3. Կառավարիչը պարտավոր է օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով առանձնացնել և առանձին ունենալ իր և իր հաճախորդների արժեթղթերի և դրամական միջոցների հաշիվները:
4. Կառավարչին հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերը չեն կարող գրավադրվել կամ բռնագանձվել հավատարմագրային կառավարչի պարտքերի դիմաց:
Կառավարչի սնանկացման կամ անվճարունակության դեպքում նրա հավատարմագրային կառավարմանը հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով ստացված շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են հաճախորդին` նրա առաջին իսկ պահանջով:
Հանձնաժողովն իրավունք ունի սահմանել պարտադիր կանոններ` հաճախորդի` սույն կետով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
5. Եթե կառավարչի և նրա հաճախորդի կամ կառավարչի տարբեր հաճախորդների միջև առկա է կամ հնարավոր է շահերի բախում, որի մասին կողմերը նախօրոք տեղյակ չեն եղել, և որը հանգեցնում է կառավարչի կողմից հաճախորդի շահերին վնասող գործողությունների կատարմանը, կամ եթե կառավարիչն անբարեխղճորեն է գործում հաճախորդների շահերին առնչվող հարցերում, ապա կառավարիչը պարտավոր է փոխհատուցել հաճախորդների կրած վնասները` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: