Հոդված 92. Անդամությունն ինքնակարգավորվող կազմակերպությունում
Հոդված 92. Անդամությունն ինքնակարգավորվող կազմակերպությունում
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 անդամ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները պետք է սահմանեն, որ`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է լինել որոշակի տեսակի մասնագիտացված անձ, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի.
բ) յուրաքանչյուր անդամ և նրա հետ փոխկապակցված անձինք տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում ունեն միայն մեկ ձայն: Փոխկապակցվածության հիմքերի բացահայտման պահից 30 օրվա ընթացքում ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը կամ կառավարման այլ մարմինը պարտավոր է իր կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ միավորել փոխկապակցված անձանց ձայները (ձայների միավորում)` նրանց վերապահելով միայն մեկ ձայնի իրավունք.
գ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամ չի կարող լինել, իսկ նրա կազմում կամ անունից մասնագիտական գործունեություն չի կարող իրականացնել`
- տվյալ տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձը,
- այն անձը, որը տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից անդամության թույլատրման հարցը քննարկելուն նախորդող մեկ տարվա ընթացքում զրկվել է որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից.
դ) ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է իր համապատասխան մարմինների միջոցով վերահսկել իր անդամների (և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց) գործունեությունը և սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և տվյալ կազմակերպության կանոնների խախտման դեպքում կիրառել համապատասխան կարգապահական տույժեր (այդ թվում նաև` դրամական տույժեր կիրառել և կասեցնել կամ չեղյալ հայտարարել անդամությունը) և ապահովել դրանց պահանջների կատարումը.
ե) յուրաքանչյուր անդամ կամ դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձը` մեկ այլ անդամի կամ դրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձի կողմից սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և տվյալ կազմակերպության կանոնների խախտման մասին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապես հայտնել տվյալ կազմակերպության վերահսկողական ծառայություն.
զ) անդամները միանվագ և (կամ) պարբերական վճարներ են կատարում իրենց անդամության և ինքնակարգավորվող կազմակերպության ծառայություններից օգտվելու համար.
է) ինքնակարգավորվող կազմակերպության շահույթը չի կարող շահաբաժինների ձևով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց` նրանց մասնակցության դիմաց, և պետք է օգտագործվի բացառապես կանոնադրական նպատակների իրագործման համար: Սույն կետը չի բացառում ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման դեպքում նրա մնացած գույքն անդամներին բաշխելու հնարավորությունը: